Բողոքի ակցիային մասնակցող փաստաբանների հայտարարությունը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) փաթեթում դատական տուգանքի վերաբերյալ դրույթները և երկու նոր օրենքների նախագծեր ներառելու, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի խախտմամբ քննարկելու և եզրակացություն տալու ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) վարքագիծը դատապարտելով, փաստաբանները 2018 թվականի փետրվարի 7-ին իրականացրել են բողոքի ակցիա՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Բողոքի ակցիայի մասնակիցները մասնավորապես գտնում են, որ՝

1. Բացակայում է Նախագծի՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի սահմանման անհրաժեշտությունը:

Փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական փոփոխությունը ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ կերպ չի հիմնավորել և չի մեկնաբանել:

Դատական տուգանք նախատեսող նախագծերի վերաբերյալ առկա չէ նաև նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումը, քանի որ դատական տուգանքի սահմանումը կարող է նաև կոռուպցիոն ռիսկեր պարունակել:

Նախագծի այս փոփոխությունը չի ներկայացվել նաև հանրային քննարկման:

2. Խախտվել է սահմանադրական օրենքով սահմանված ընթացակարգը:

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:

Նույն սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Օրենքի նախագծի համար Կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են նաև օրենքների նախագծերի փաթեթի վրա:

Այս և սահմանադրական օրենքի մյուս իմպերատիվ կարգավորումները նպատակ ունեն կանխատեսելի դարձնել օրենքի նախագծի քննարկման և ընդունման ճանապարհը:

Տվյալ դեպքում, Նախագծի փաթեթում ընդգրկվել են լրացուցիչ 8 օրենքների նախագծեր, որոնց ցանկում առկա չեն եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նոր նախագծեր):

ՀՀ Ազգային ժողովի կողմից Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում, փաթեթում ներառված Նոր նախագծերը կհամարվեն քննարկված (ընդունված) մեկ ընթերցմամբ, ինչն անթույլատրելի է:

Որևէ այլ օրենք կամ ՀՀ Ազգային ժողովի որոշում չի կարող սահմանադրական օրենքով սահմանված այս կարգը փոփոխել կամ անտեսել:

3. Դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախությունը:

Փաստաբանների և դատախազների համար դատական տուգանք սահմանելով, Արդարադատության նախարարությունը գործել է այն կանխավարկածով, որ փաստաբանները և դատախազները կարող են անբարեխիղճ վարքագիծ դրսևորել: Այս համատեքստում, հաշվի առնված չէ դատավորների ոչ բարեխիղճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը, որի դեպքում, դատական տուգանքը կդառնա մասնագիտական գործունեության ազատությունը ճնշող գործիք: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21  հանձնարարականի 1-ին սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետևանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան:

ՄԱԿ-ի ութերորդ կոնգրեսի կողմից 1990թ. ընդունված «Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ»-ի՝

– 16-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ Կառավարություններն ապահովում են, որպեսզի փաստաբանները դատական հետապնդման և դատական, վարչական, տնտեսական կամ այլ պատժամիջոցների չենթարկվեն` ընդունված մասնագիտական պարտականություններին, նորմերին ու բարոյականությանը համապատասխան ցանկացած գործողության համար, ինչպես նաև չենթարկվեն նման հետապնդման և պատժամիջոցների սպառնալիքների.

– 20-րդ կետի համաձայն՝ փաստաբանները օգտվում են քաղաքացիական և քրեական անձեռնմխելիությունից համապատասխան հայտարարությունների առնչությամբ, որոնք բարեխղճորեն արված են դատարանին` գրավոր միջնորդագրերի կամ դատարանում բանավոր ելույթների ձևով կամ դատարանում, տրիբունալում կամ իրավաբանական կամ վարչական այլ մարմնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում:

Փաստաբանները պետք է դատարաններում գործեն անկախ՝ իրենց մասնագիտական գործունեության չափանիշներին համապատասխան, իսկ դատական տուգանք նախատեսելու դեպքում, որի վերջնական տեքստը մինչև այսօր հասանելի չէ հանրությանը, կվտանգվի փաստաբանների անկախությունը:

Նախարարության և Հանձնաժողովի կողմից թույլ տրված վերոհիշյալ խախտումներն էլ պատճառ են դարձել փաստաբանական համայնքի սոցիալ-իրավական բնույթի ընդվզման համար:

Բողոքի ակցիայի շրջանակում ներկա փաստաբանները՝

1. Պահանջում են ՀՀ Ազգային ժողովից թույլ չտալ սահմանադրական օրենքի խախտմամբ ներկայացված Նախագծի ընդունումը.

2. Հայտարարում են, որ փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնելու 2018 թվականի փետրվարի 8-ին, ինչպես նաև 2018 թվականի փետրվարի 14-ին, 15-ին և 16-ին.

3. Առաջարկում են ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ Նախագծի քննարկման նիստին հրավիրել փաստաբանների ներկայացուցչին և ելույթ ունենալու հնարավորություն տալ:

Մեկնաբանություններ