G20-ի առևտրի նախարարները համաձայնության են եկել ԱՀԿ-ն բարեփոխելու անհրաժեշտության հարցի շուրջ 

G20-ի անդամ երկրների առևտրի նախարարներին առաջին անգամ հաջողվել է հասնել կոնսենսուսի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բարեփոխելու անհրաժեշտության հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է Չինաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Ռամիրո Գելարը՝ արդյունաբերական համագործակցության հարցերը քննարկելու համար կազմակերպված միջազգային համաժողովին իր ելույթի ժամանակ: Նա հայտարարել է, որ Մար դել Պլատա քաղաքում կայացած հանդիպումից հետո G20-ի առևտրի նախարարներն առաջին անգամ միասնական դիրքորոշում են հայտնել և համաձայնության են եկել՝ ԱՀԿ-ն բարեփոխելու անհրաժեշտության մասին։ Հայտնի է նաև, որ նախարարները նշել են երկխոսությունն ու ձեռնարկվող գործողություններն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ռիսկերի մեղմացման և միջազգային առևտրի նկատմամբ վստահության բարձրացման համար: Հանդիպումից հետո առևտրի նախարարները հայտարարել են, որ կայացած հանդիպումը կարևոր նշանակություն ունի «Մեծ քսանյակի» (G20) ղեկավարների գագաթնաժողովի համար, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 13-ին Արգենտինայի Մար դել Պլատա քաղաքում կայացել է G20-ի առևտրի և ներդրումների հարցերով նախարարների հանդիպումը: