«Բոլոր պետական պաշտոնյաները պետք է ենթարկվեն այն նույն օրենքներին, որոնք տարածվում են հայրենիքի, ժողովրդի և քաղաքացիների վրա»․ Գևորգ Տումանով

Վերջերս քաղաքական և իրավական շրջանակներում երկրների ղեկավարների` նախագահական անձեռնմխելիությունը դարձել է քննարկման առարկա։

Արդյո՞ք նախագահների (գործող և չգործող) գործողությունները՝ պաշտոնեական, այնպես էլ ոչ պաշտոնեական, սահմանադրական են և միշտ պաշտպանված։

Այս թեմայով զրուցել ենք իրավաբանական գիտությունների թեկնածու, «Է ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գործընկեր Գևորգ Տումանովի հետ։ 

-Պարո՛ն Տումանով, իրավագիտության մեջ ինչպե՞ս է ներկայացվում պետության ղեկավարների բացարձակ անձեռնմխելիության բովանդակությունը։

-Բացարձակ անձեռնմխելիության կողմնակիցները պնդում են, որ, որպեսզի պետության նախագահն (ղեկավարը) ունենա իր երկրի գործերը հաջողությամբ ղեկավարելու իշխանություն, նա պետք է ունենա բացարձակ և կանխատեսելի անձեռնմխելիություն։ Իր պարտականությունները և պարտավորությունները կատարելիս՝ երկրի նախագահին անհրաժեշտ է ունենալ անսահմանափակ և բացարձակ անձեռնմխելիություն և՛ քաղաքացիական, և՛ քրեական դատավարական գործընթացներից։ Նախագահական պաշտոնավարման հաջող իրականացումը պահանջում է նախագահական արտոնություն և բացարձակ անձեռնմխելիություն։

Մնալով իր լիազորությունների և պաշտոնի շրջանակների և սահմանների ներսում՝ նախագահը չպետք է լինի որևէ հետապնդման տակ, որը կվերահսկի իր պաշտոնեական և ոչ պաշտոնեական վարքը պետության գործերի կառավարման ընթացքում։ Այսինքն՝ որպես նախագահ գործելու դեպքում, նախագահի վարքագիծը կարիք չունի և երբեք չպետք է դառնա դատական քննության առարկա։ Ցանկացած փորձ, որը հարցականի տակ կդնի նախագահի վարքագիծը, կվնասի պետության պատշաճ և արդյունավետ կառավարմանը։ Ուստի նախագահը կարիք չունի և չպետք է երբեք դառնա սահմանափակված որևէ օրենքով կամ հաշվետու որևէ դատարանի՝ պատասխան տալու իր պաշտոնեական կամ ոչ պաշտոնեական գործողությունների համար որևէ քաղաքացիական և քրեական գործով։ Այլ կերպ վարվելու դեպքում դա կլինի սահմանադրության խախտում: Կանխատեսելի և բացարձակ անձեռնմխելիությունը ցանկացած պետության մեջ լավ կառավարման գրավականն է: Այն անձինք, ովքեր սատարում են նախագահի անձեռնմխելիությանը, պնդում են, որ սահմանադրորեն իշխանության օրենսդիր, դատական և գործադիր ճյուղերը անկախ են և պետք է միշտ մնան միմյանցից անկախ: Հետևաբար, այս մոտեցման կողմնակիցները գտնում են, որ գործող և նախկին նախագահների գործողությունները չեն կարող հարցականի տակ դրվել որևէ դատարանի կողմից:

 

-Իսկ կա՞ն արդյոք հիմնավոր փաստարկներ, որոնք դեմ են պետության ղեկավարների բացարձակ անձեռնմխելիությանը։

-Իհարկե։ Մինչ շատ մարդիկ հավատում են բացարձակ անձեռնմխելիությանը, այս հարցը եղել է և մնում է վիճելի, քանի որ հակառակ տեսանկյունից ևս կան հիմնավոր փաստարկներ։ Պատմականորեն երկրի ղեկավարի անձեռնմխելիությունը հակասում է իշխանության՝ առանձին, բայց հավասար տարանջատման (օրենսդիր, դատական և գործադիր ճյուղերի միջև) տեսության հետ։ Նրանք, ովքեր հավատում են և աջակցում են իշխանությունների տարանջատման տեսությանը, պնդում են, որ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական մարմինների լիազորությունները սահմանադրորեն բաժանված են և պետք է մնան համակարգված և հավասարապես բաշխվեն իշխանության երեք ճյուղերի միջև։

Դրանից բացի որևէ բան, ինչքան էլ ցավալի է, հավասարազոր է նախագահի կողմից իշխանության չարաշահմանը։ Երկրի ղեկավարի սահմանափակ և սահմանափակված լիազորությունների և սահմանափակ արտոնությունների պաշտպանները շարունակում են պնդել, որ մինչ սահմանադրությունը բաշխում և տարածում է իշխանությունն օրենսդիր, գործադիր և դատական մարմինների միջև` ազատությունը, արդարադատությունը և հավասարությունը ապահովելու համար, այն նաև  սահմանում է համակարգվածություն և փոխկախվածություն  երեք առանձին, բայց հավասարակշռված ճյուղերի միջև՝ հավասար արդարադատության և ավելի լավ կառավարման նպատակով։

-Արդյո՞ք բացարձակ անձեռնմխելիությունը համադրելի է իշխանությունների տարանջատման տեսությանը։

-Իշխանությունների տարանջատման տեսությունը հակասում է նախագահին բացարձակ և անսահմանափակ լիազորությունների տրամադրմանը։ Թույլ տալ, որ նախագահն ունենա բացարձակ իշխանություն, անսահմանափակ արտոնություն և անձեռնամխելիություն, կարող է հակասել հավասար արդարադատության, օրենքի գերակայության զարգացման և ցանկացած զարգացած և զարգացող հասարակության մեջ մարդու իրավունքների ապահովմանը:  Դա կարող է լինել անհանգստացնող և սարսափեցնող միջավայր, եթե անսահմանափակ և անվերահսկելի լիազորություններ տրամադրվեն գործող կամ նախկին նախագահին։ Հետևաբար, միշտ պետք է լինեն զսպող և հակակշռող ուժեր նախագահի լիազորությունների վրա՝ անկախ այն բանից, թե արդյոք նա Արևմտյան աշխարհի նախագահ է, թե հետխորհրդային «սատաների» անհանգիստ միջավայրում է: Նախագահը և բոլոր պետական պաշտոնյաները պետք է ենթարկվեն այն նույն օրենքներին, որոնք տարածվում են հայրենիքի ժողովրդի և քաղաքացիների վրա: Սրանով իսկ մշտապես կխուսափեն ազգային խառնաշփոթից և քաոսից:

Քանի որ նախագահին անսահմանափակ և անվերահսկելի լիազորությունների տրամադրումը չի կարող ընդունվել իշխանությունների տարանջատման տեսության ներքո․ նման դեպքի համար նախադեպ չկա։ Իշխանության օրենսդիր, գործադիր և դատական մարմինները պետք է միշտ  գործեն որպես զսպող և հակակշիռող ուժ նախկին և գործող նախագահի հանդեպ։

Մեկնաբանություններ