Ողջունելով Սյունիքի մարզի առողջապահության կազմակերպիչներին` նախարար Լևոն Ալթունյանը նախ շնորհակալություն է հայտնել նրանց Հայաստանի ամենաբարձրադիր մարզում իրենց մասնագիտական պարտականությունները պատվով կատարելու համար։ Նախարարը ներկայացրել է քննարկվելիք հարցերի շրջանակը, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության վարչապետի մարզեր կատարած այցերի ընթացքում տրված հանձնարարականներից։ Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը ներկայացրել է մարզի առողջապահության համակարգի իրավիճակը, բժշկական ծառայությունների բարելավման ուղղությամբ կատարվելիք քայլերը, ինչպես նաև խնդիրները:
ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը նշել է, որ նախատեսվում է երկրի վարչապետի հերթական այցելություն Սյունիքի մարզ, և շատ կարևոր է, որ նրա կողմից տրված հանձնարարականները կատարված լինեն։
Բժշկական կենտրոնների ղեկավարներն առավել հանգամանալից ներկայացրել են իրենց կողմից իրականացվող քայլերն ու դրանց տված արդյունքները։
Մեղրու տարածաշրջանային ԲԿ-ի տնօրեն Լուսինե Վարդանյանը նշել է, որ թե՛ ծառայությունների որակի բարելավման, թե՛ ֆինանսական միջոցների տնտեսման ուղղությամբ զգալի արդյունքներ է տվել ներքին օպտիմալացումը և Ագարակի ու Մեղրու պոլիկլինիկական ծառայությունների տեղակայումը կենտրոնի շենքում։
Ներքին օպտիմալացում իրականացվում է նաև Սիսիանի ԲԿ-ում։ Այստեղ 2-3 նեղ մասնագետի հետ աշխատում է մեկ բուժքույր, հրաժարվել են մայրապետների ծառայություններից։
Կապանի ԲԿ-ի տնօրեն Կարեն Մելքոնյանի խոսքով իրենց մոտ ավանդույթ է դարձել մայրաքաղաքից առաջատար նեղ մասնագետներին հրավիրելը, ովքեր տեղի բժիշկներին փոխանցում են իրենց փորձառությունն ու հմտությունները։ Միաժամանակ, շահում են կապանցիները` տեղում ստանալով անհրաժեշտ բժշկական ծառայությունը։ Դրանով, մեծանում է հիվանդների հոսքը, ավելանում` հիվանդանոցի ֆինանսական մուտքերը։ Այժմ աշխատանքներ են տանում նոր ծառայություններ ծավալելու ուղղությամբ։
Նելսոն Զուլոյանը Սյունիքի առողջապահության կազմակերպիչների ուշադրությունը հրավիրել է ոլորտում շրջանառվող ստվերային գումարները սպիտակ դաշտ բերելու խնդրի վրա։
«Այս ուղղությամբ վարչապետի հանձնարարականը հստակ է, և պետք է անվերապահորեն կատարել։ Եթե այդ ճանապարհին այնպիսի մեխանիզմներ կամ առաջարկներ ունեք, որոնցում նախարարությունը կարող է իր դերակատարությունն ունենալ, ապա պատրաստենք ենք համագործակցելու»,-շեշտել է աշխատակազմի ղեկավարը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կառավարության ծրագրերի առողջապահության բաղադրիչի իրականացմանը, այդ թվում, էլեկտրոնային առողջապահության համակարգը ողջ ծավալով գործարկելուն, բժիշկների վերամասնագիտացմանն առնչվող և այլ հարցեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: