Արտակ Զեյնալյանն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: 

Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել երկու երկրների բազմաոլորտ համագործակցության մակարդակն ու ընդգծել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա: Այդ համատեքստում նախարարը կարևորել է հայ-վրացական ֆորումի պարբերական կազմակերպումը, որը  հնարավորություն է տալիս քննարկելու երկու երկրների իրավական ոլորտի օրակարգում գտնվող մտահոգություններն ու հարցերը, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով նպաստելու խնդիրների արագ լուծմանը:

Գիորգի Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Վրաստանը կարևորում է Հայաստանում արձանագրված հաջողությունները:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակման, փոխադարձ այցեր կազմակերպելու հնարավորությունը, անդրադարձել են պետական ծառայությունների մատուցման բնագավառում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քրեակատարողական և իրավական փոխօգնության ոլորտներում համագործակցության խորացմանը:

Մեկնաբանություններ