Օրեր առաջ Եգիպտոսի Ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ընթացիկ տարվա հուլիսին Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ) կազմակերպությունը 2 մլրդ դոլար գումարի չափով վարկ կհատկացնի Եգիպտոսին։ Նրա խոսքերով՝ Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնել է տրանշ տրամադրել Եգիպտոսին՝ ընթացիկ տարվա մայիսին երկրում ԱՄՀ փորձագետների իրականացրած ստուգումներից հետո։
Այսպիսով, նախատեսվում է, որ այս տարվա հուլիսին Արժույթի միջազգային հիմնադրամը կտրամադրի Եգիպտոսին չորրորդ վարկը։
«Եգիպտոսը հստակ իրականացնում է տնտեսական բարեփոխումների ծրագիրը։ Բարեփոխումների արդյունքները շատ ակնհայտ են, և դա դրական արձագանք է գտել միջազգային կազմակերպությունների շրջանում և նոր հնարավորություններ է ստեղծել համաշխարհային ներդրողների համար՝ Եգիպտոսում ներդրումներ կատարելու գործում», -նշել է իր ելույթի ժամանակ Եգիպտոսի Ֆինանսների նախարար Մոհամմեդ Մուհիդը։
Ավելի վաղ ԱՄՀ-ը Եգիպտոսին 12 մլրդ դոլար գումարի չափով ֆինանսական աջակցություն է տրամադրել՝ տնտեսական և ֆինանսական բարեփոխումներ իրականացնելու պայմանով։ ԱՄՀ-ի ղեկավարն իր ելույթներից մեկի ժամանակ նշել է, որ վարկի տրամադրման նպատակն է՝ կայունացնել և ավելի մրցունակ դարձնել Եգիպտոսի տնտեսությունը, աջակցել Եգիպտոսում նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացին։