Կատարը ԱՄԷ-ի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

Կատարը Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ մարդու իրավունքների խախտման վերաբերյալ։ Օրեր առաջ Կատարի կառավարությունը հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը ԱՄԷ-ում բնակվող Կատարի բոլոր քաղաքացիներին ամեն կերպ հալածելու քաղաքականություն է վարում։ Կատարը շեշտել է, որ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան ըննդեմ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ կատարցիների իրավունքները խախտելու համար։ Կատարի կառավարության ներկայացուցիչների խոսքերով՝ ԱՄԷ-ի իշխանությունները արտաքսել են կատարցիներին երկրից, չեն թույլատրել նրանց մուտք գործել երկրի տարածք, խոչընդոտել են նրանց երթևեկությունը և սահմանափակել են կատարցիների ազատ տեղաշարժվելու իրավունքը։ ԱՄԷ-ը նաև փակել է իր օդային տարածքը և նավահանգիստները Կատարի համար։ ԱՄԷ կառավարության իրականացրած գործողությունների հետևանքով կատարցիների ընտանիքները մասնատվել են, ընդհատվել է կատարցի երեխաների ուսումը, քաղաքացիների աշխատանքը և բնականոն կյանքը։

Կատարի կառավարության ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ ԱՄԷ-ի իրականացրած գործողությունները հակասում են «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիային, այդ թվում` նաև ազգային պատկանելության հիմքով խտրականության սկզբունքին:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսին ԱՄԷ-ը և արաբական ևս 3 երկներ հայտարարել են՝ Դոհայի հետ հարաբերությունները խզելու որոշման մասին։ Կատարը ԱՄԷ-ի դեմ հայց ներկայացնելու համար աշխատանքները նախաձեռնել է դեռևս հարևան երկրների կողմից իրեն բոյկոտ հայտարարելուց անմիջապես հետո, սակայն Կատարի իշխանությունների համար մեկ տարի ժամանակ պահանջվեց՝ վերոհիշյալ գործի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հավաքելու համար:

Կատարի իշխանությունները նաև հայց են ներկայացրել՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին, սակայն փոխհատուցման գումարի չափը հայցի մեջ չեն նշել։