Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատաքննությունն ավարտվեց:
Մինչ այդ կողմերը հանդես եկան ռեպլիկներով: Դատախազ Կարեն Բիշարյանը իր ռեպլիկում անդրադարձավ պաշտպանական կողմի ճառին՝ նշելով, որ պաշտպանական կողմին տրամադրվել են գործում առկա բոլոր նյութերը, այդ թվում՝ լազերային սկավառակաները:Պաշտպանական կողմի ներկայացրած այն պնդմանը, թե օպերատիվ հետախուզական միջոցառումները կազմված են եղել հետին ամսաթվով՝ Բիշարյանը հայտնեց, որ դա ընդամենը ենթադրություն է:
Իշխան Բարսեղյանի պաշտպան Կարեն Ղազարյանն էլ հայտնեց, որ դատախազն իր խոսքը ներկայացրեց ‹‹լղոզված››, իսկ իրենց բերված փաստարկներին հակափաստարկներ չբերեց:
Փաստաբան Արա Ղազարյանն էլ նշեց, որ հնարավոր չէ 3 ժամում կատարել 4 օպերատիվ հետախուզական գործողություն, բացի այդ ընդամենը մեկ մարդու հայտարարության հիման վրա Ազգային անվտանգության մարմինը լայնածավալ գործողություններ է սկսել իրականացնել:
«Կասկածը բավարար չէր, որպեսզի ներխուժեին անձի անձնական տիրույթ»,- ասաց նա:
Ռեպլիկով հանդես եկավ նաև ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը՝ նշելով, որ Նորիկ Հակոբյանը ԱԱԾ գործակալ է և նրա հետ համագործակցել են ԱԱԾ աշխատակիցներից մեկն ու Արմեն Հովհաննիսյանը, որը հանդիսանում է ԱԱԾ Էրուբունու բաժնի պետը:
«Վերջինս դեպքից ամիսներ առաջ հեռախոսային կապ է ունեցել ԱԱԾ պաշտոնյայի հետ, ընդ որում՝ ոչ թե ծառայողական հեռախոսահամարով, այլ անձնական: Ողբամ քեզ հայոց աշխարհ, եթե ԱԱԾ աշխատողն իր անձնական հեռախոսով է աշխատում»,- ասաց նա:
Դատական վիճաբանությունների փուլն ավարտվելուց հետո դատավոր Վաչե Մարգարյանը վերջին խոսքի հնարավորություն տվեց ամբաստանյալներին:
Ամբաստանյալներից Էլզա Զաքարյանը դատարանին խնդրեց դադարեցնել իր հանդեպ քրեական հետապնդումը, իսկ Իշխան Բարսեղյանը հայտնեց, որ միայն մի բան ունի ասելու.
«Արդար դատե՛ք, չէ որ դուք էլ եք դատավոր»,- ասաց նա:
Որից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի օգոստոսի 6-ին:
Նշենք, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Իշխան Բարսեղյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, իսկ Էլզա Զաքարյանին ազատել քրեական պատասխանատվությունից:
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը: