«Ես բացառում եմ, որ մենք կադրային խնդիրներ կունենանք». Նիկոլ Փաշինյան

«Չեմ կարող կոնկրետ անձանց կոնկրետ երաշխիքներ տալ»,-այս մասին ասաց այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողները հարցրին  Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին լուրերի վերաբերյալ, սակայն Փաշինյանը վստահեցրեց, որ ՀՀ-ում օրինականություն կհաստատվի:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կանի, եթե ներկա կառավարության անդամները, նախարարները հրաժարվեն աշխատել իր հետ. «Ես բացառում եմ, որ մենք կադրային խնդիրներ կունենանք»:

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը վարչապետի պաշտոնում, երբ խորհրդարանում մեծամասնությունը կազմում է ՀՀԿ-ն, նա պատասխանեց. «Այն քայլերը, որոնք անհրաժեշտ կլինեն ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար, այդ քայլերը կարվեն: Դա չի նշանակում, որ հիմա ես խոսում եմ կոնկրետ սցենարի մասին: Քննարկումների արդյունքում կկայացվեն որոշումներ: Ես ասել եմ, որ հույս ունեմ, որ վարչապետի ընտրությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների»,-ասաց նիկոլ փաշինյանը հավաստիացնելով, որ դա է կարևորը աշխատանքային մթնոլորտ ձևավորելու համար:

Խոսելով Մարտի 1-ի բացահայտման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ էջը պետք է ամբողջովին բացահայտվի: Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանին այդ հարցով հարցաքննության կանչելո՞ւ եք, Նիկոլ Փաշինյանը ասաց. «Ես պնդում եմ, որ պետք է նորմալ նախաքննության ընթանա»:

Հարցին՝ վարչապետ ընտրվելուց հետք ի՞նչ քայլեր է նախատեսում անել, Նիկոլ Փաշինյանն հայտնեց, որ եթե վաղվա ընտրությունը բարեհաջող անցնի, ապա 15 օրվա ընթացքում պետք է ձևավորվի կառավարություն, որից հետո 20-օրյա ժամկետում իրենք կներկայացնեն կառավարության ծրագիրը:

Ինչ վերաբերում է նրան, որ նախօրեին ԵՊՀ-ն հայտարարություն էր տարածել, որ պատրաստ է դիմել ԿԳՆ՝ Նիկոլ Փաշինյանին դիպլոմ տալու հարցը քննարկելու վերաբերյալ, վերջինս ասաց. «Եթե ես մտադիր լինեի վերցնել իմ դիպլոմը, վերջին 23 տարում երեւի թե կկարողանայի վերցնել»: