«Ատոմակայանի հովացման ջուրը օգտագործվում է բնակչության արտերը և այգիները ջրելու համար». Հակոբ Սանասարյան

«Ատոմակայանը պետք է կառուցվի այնպիսի տարածքում, որտեղ հավանական վթարի դեպքում հնարավոր կլինի  հեշտությամբ տեղափոխել բնակչությանը», -այս մասին հայտնեց բնապահպան, Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Նրա հավաստմամբ այն երկիրը, որն ունի ատոմակայան պետք է ունենա նաև հատուկ հերմետիկ ավտոբուսներ, որոնք վթարներիի դեպքում կունենան խմելու ջուր  և ամեն տեսակի հարմարանք, որպեսզի կարողանան  աղետի գոտուց մարդկանց ապահով տեղափոխել, ինչը չունի Հայաստանի Հանրապետությունը:

Բնապահպանը նաև նշեց, որ ատոմակայանի տարածքում բնակվելը առողջության վրա ունենում է ծանր հետևանքներ. «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ատոմակայանի մոտակայքում ապրող մարդիկ  և նրանց սպասարկող անձնակազմը անհամեմատ ավելի շատ հիվանդությունների է ենթարվում, քան սովորական միջավայրում բնակվող մարդիկ»,- ասաց նա:

Նրա հավաստմամբ ատոմակայանի հովացման ջուրը օգտագործվում է բնակչության արտերը և այգիները ջրելու համար. «Եթե դուք հիմա գնաք մի շարք գյուղեր, կտեսնեք, որ այդ գյուղերը ջուր չունեն, քանի որ ջուրը հիմնականում օգտագործվում է ատոմակայանի հովացման համար»:

Անդրադառնալով «Վեոլիա ջուր» ընկերության հայտրարությանը, համաձայն որի՝  ջրի սկագինը պետք է բարձրացվի ջրի կորուստների պատճառով,  բնապահպանը նշեց, որ նրանք արհամարհում են այդ կորուստները. «Նրանք թքած ունեն ջուրը կորչում է, թե չէ: Ջրի խնայողության վերաբերյալ ոչ մի միջոցառում չեն ձեռնարկում, նրանք պարզապես փող հավաքողներ են  և վերջ»:

Խոսելով «Նաիրիտ»-ում ծագած հրդեհի և այրվող նյութի մասին նա հայտնեց, որ այդ նյութը միանշանակ վտանգավոր է. «Այդ գործարանից դուրս եկող ցանկացած նյութ վտանգավոր է, քաղցկեղածին և ունի նարկոտիկի ազդեցություն»:

Վերջում պարոն Սանասարյանը հայտնեց, որ Հայաստանում իրականում ջրի խնդիրը, ատոմակայանի խնդիրը, հանքարդյունաբերությունը, գիտությունը կամաց-կամաց ոչնչացնելը և այլ բաները նշանակում են պետության կազմաքանդումը:

Նյութը՝ Ելենա Արամյանի