ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիսի նախկին քաղաքապետ Ն.Ոսկանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ն.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ յոթ դրվագով, և ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նրա մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2014թ. դեկտեմբերի 13-ին ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, օգտագործելու նպատակով պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար 7 անձի նկատմամբ 2014թ. դեկտեմբերի 11-ին որոշում է կայացվել՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին