ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս տղայի մահվան պատճառ հանդիսացած վրաերթի դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Արմավիրի մարզում «Беларус» մակնիշի առանց պետական համարանիշի տրակտորը Վանանդ գյուղի դաշտամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակչին՝ ծնված 2004թ.: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Տրակտորի վարորդը հարցաքննվել է դեպքի շուրջ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ անչափահաս տղայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: