Անդրիաս Ղուկասյանի գործով հացաքննվեցին ոստիկանները

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:  

Այսօրվա նիստին չէր ներկայացել մեղադրող Պետրոս Պետրոսյանը, սակայն վերջինիս փոխարեն նիստին ներկայացել էր մեղադրող Հակոբ Ենոքյանը, որը գործի մեջ նոր էր ներգրավվում:

«Անհասկանալի է, թե ինչու պետք է մեղադրող փոխվի»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Վերջինիս պաշտպան Կարեն Մեժլումյանը դատարանին դատախազ Հակոբ Ենոքյանի բացարկի միջնորդություն ներկայացրեց, քանի որ, ըստ օրենքի՝ միայն բացառիկ դեպքերում պետք է գործի մեջ ներգրավվել նոր դատախազ, նաև հավելեց, որ գործի մեջ ներգարվվելու համար վերջինս ներկայացրել է գրություն, այլ ոչ թե լիազորագիր:

Իր հերթին Հակոբ Ենոքյանը մանրամասնեց, որ ոչ թե մեղադրողն է փոխվում, այլ գործի մեջ նոր մեղադրող է ներգրավվում. «Բացարկի հիմքեր չկան, քանի որ նոր ներգրավված ցանկացած դատախազ ունի նույն լիազորությունները, որ ուներ գործով մեղադրական եզրակացությունները հաստատելու ժամանակ եղած մեղադրողը: Նշվեց, որ գրություն էր, ոչ թե լիազորագիր. օրենքով որևէ տեղ նշված էլ չէ, որ վերադաս դատախազը պետք է լիազորագիր ներկայացնի՝ լիազորի»,- ասաց նա, կարծելով, որ վերոնշյալ գրությունը հիմք է, որ նա կարողանա այս գործով մասնակցել որպես մեղադրող:

«Ես անվստահություն ունեմ մեղադրող կողմի նկատմամբ՝ այս գործով: Այդ մասին ի սկզբվանե հայտնել եմ, ես պնդում եմ, որ այս գործը շինծու է»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ կասկածի տակ  դնելով գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանի անաչառությունը:

Դատավոր Վարդան Գրիգորյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հրապարակեց դատախազի բացարկի միջնորդության մասին որոշումը՝ հիմքերի բացակայության պատճառով:

Դատարանը շարունակեց վկաների հարցաքննության փուլը: Հարցաքննվեց  ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ավագ լետենանտ Հայկ Արոյանը, որը նշեց, որ դեպքի օրը ծառայությունն իրականացրել է Խորենացի փողոցում, սակայն վերադասի հրահանգով իր ծառայությունը շարունակել է Օպերայում իրականացնել:

«Մոտավորապես ժամը 6-ին եղել ենք Օպերա: Տեսել ենք մարդկանց բազմություն: Գիտեինք, որ երթ է լինելու, և մեզ հրահանգված էր երթին ուղեկցել: Թումանյանին երթը սկսվել է»,-ասաց նա, նշելով, որ Խորենացի փողոց չհասած՝ Նար-Դոս խաչմերուկի մոտ, մարդկանց բազմությունը կանգնել է, և որոշ մասը շարժվել է սարի թաղի ուղղությամբ՝  «Սարի թաղ», «Սասնա Ծռեր», «Մենք Ձեզ հետ ենք» վանկարկումներով:

«Ժողովորդը, հրելով, բրդելով, գնում էին Սարի թաղ: Նրանց առաջնորդում էին Անդրիաս Ղուկասյանը, Դավիթ Սանասարյանն ու Արմեն Մարտիրոսյանը»,- ասաց վկան, երթի նպատակի վերաբերյալ ամբաստանյալ Անդրիաս Ղուկայսանի հարցին պատասխանեց, որ նպատակը միանալ ՊՊԾ գունդը գրաված տղաներին:

Վկա Հայկ Արոյանը մանրամասնեց, որ երթը կառավարելի էր ոստիկանների կողմից: Նշեց, որ բռնության կոչեր չի լսել, բռնության, հրկիզման ականատես չի եղել և ցուցարարների մոտ սառը զենք չի նկատել. «Կոնկրետ Անդրիաս Ղուկասյանից կոչեր չեմ լսել»,-ասաց վկան:

Մյուս վկա՝ ոստիկանության ավագ ենթասպա Հայկազ Սարգսյանը, ևս դեպքի օրը՝ հուլիսի 29-ին, իրականացրել է ծառայություն Խորենացի փողոցում. «Ասեցին՝ Օպերայից գալիս են: Իմացանք, որ մի մասը բարձրացել է Սարի թաղ, իսկ մի մասը միացել է Խորենացու մարդկանց»,- նշեց վկան՝ հավելելով, որ վերադասից հրաման են ստացել բարձրանալ Սարի թաղ, որովհետև այնտեղ ավելի լարված իրավիճակ է եղել.  «Մենք ցուցում ունեինք՝ ովքեր չենթարկվեն ոստիկանության պահանջներին, բերման ենթարկել»: Վկան հավելեց, որ բերման են ենթարկել այն քաղաքացիներին, որոնք հայհոյում են:

Վկա Հայկազ Սարգսյանի խոսքերով՝ ինքը  երթի մասնակիցների մեջ Անդրիաս Ղուկասիանին, Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին չի նկատել: Նա նաև հավելեց, որ ՊՊԾ գնդում պարբերաբար կրակոցներ լինում էին, սակայն չի կարող հստակեցնել՝ այդտեղից էին կրակում, թե՞ դեպի ՊՊԾ գունդ էին կրակում:

Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած զինված խմբի:

Մեկնաբանություններ