Ոստիկանները եղել են քաղաքացիական հագուստով. «Սարի թաղի» գործով հարցաքննվեցին վկաները

Այսօր  Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, ԱնդրանիկՔյոսեյանի և Էդուրադ Զեյթունյանի  գործով դատական նիստը,  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ: 

 Շարունակվեց վկաների հարցաքննությունը: Գործով հարցաքննվեց ոստիկանության աշխատակից Վիլեն Համբարձումյանը, ով հայտնեց, որ դեպքի օրը եղել է քաղաքացիական հագուստով: Իրենից բացի՝ քաղաքացիական հագուստով եղել են ևս 2 ոստիկան՝  Արմեն Արուշանյանը և Հրայչա Մուրադյանը:

Դեպքի օրը՝ 2016 թվականի հուլիսի 20-ին վկան ծառայություն է իրականացրել դեպքի վայրում՝ Գլինկա և Որմնադիրների հատման խաչմերուկում, և երբ հասել է դեպքի վայր քաղաքացիները սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ. «Մենք մոտակա տան բնակիչներին  հորդորում էինք, որ մտնեին տները քանի որ փողոցում վտանգավոր էր»,-ասաց նա, մանրամասնելով, որ եթե քաղաքացիները հարցնում էին՝ ինքը ներկայանում էր:

«Կրակոցներ և հայհոյանքներ լսվեցին. քաղաքացիների մի մասը մտավ տներ, իսկ մյուս մասը մոտեցավ այն հատվածին որտեղից կրակոցներ էր լսվում»,-ասաց վկա Վիլեն Համբարձումյանը:

Ըստ վկայի՝ ոստիկանները բերման էին ենթարկում այն քաղաքացիներին ովքեր հայհոյում էին և քարեր էին նետում. «Ոստիկանության աշխատակիցները բռնում, մտցնում էին մեքենան ու տանում:  Ես չեմ լսել թե ինչ էին խոսում ոստիկաններն ու քաղաքացիները: Բերման ենթարկվողները շատ էին՝ այն քաղաքացիներն էին ովքեր քարերով հարվածում էին»,-ասաց նա, հավելելով, որ դեքպի վերաբերյալ քննիչի մոտ տեսանյութ չի տեսել:

Մանրամասնեց, որ քաղաքացիները և ոստիկանները բարձր բղավում էին, սակայն ինքը անձամբ զենքի գործադրման ականատես չի եղել: Վկան  ասաց, որ գործով տուժողներից ոչ ոքի անձամբ չի ճանաչում, իսկ քարերով հարվածող քաղաքացիներից որևէ մեկի արտաքինը չի մտապահել:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հարցրեց, թե հնարավո՞ր է, որ վկան հայհոյած, քարով հարվածած լինի քաղաքացիներին, նա պատասխանեց,  որ ոչ՝ բացառվում է: Վկա Վիլեն Համբարձումանը չհիշեց, թե դեպքի օրը ինչ գույնի հագուստով է եղել:

Դատարանը վկայի դատարանում տված ցուցմունքի և նախաքննական ցուցմունքի մեջ էական հակասություններ գտավ, մասնավորապես, վկան դատարանում հայտնեց, որ դեպքի օրը որևէ մեկի արտաքինը չի հիշում, սակայն նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ նակտել է 2 անձի:

Գործով մյուս վկա՝  ոստիկանության աշխատակից Հրաչյա Մուրադյանը ևս նշեց, որ ինքը դեպքի օրը եղել է քաղաքացիական հագուստով, իր հետ եղել են ևս 2 քաղաքացիական հագուստով ոստիկան:  Վկան նշեց, որ դեպքի օրը իր հագին եղել է սպիտակ վերնաշապիկ:

Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի այն հարցին ,թե քարեր նետող մարդիկ քաղաքացիներն էին, թե՞ քաղաքացիական հագուստով ոստիկաններ, վկան պատասխանեց. «ես ի՞նչ իմանամ»:

Վկան նշեց, որ իր հետ ծառայություն իրականացնող Արմեն Արուշանյանի հետ փորձել են բերման ենթարկել կարմիր հագուստով տղային, ով փախուստի է դիմել. «Քաղաքացիները չափից շատ քարեր էին նետում և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում»:

Դատարանը գտավ, որ էական հակասություն կա վկայի դատարանում տված և նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջև և հրապարակվեց վերջինիս նախաքննական ցուցմունը:

Հիշեցնենք, որ   Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, ԱնդրանիկՔյոսեյանը և Էդուրադ Զեյթունյանը մեղադրվում են   «Սարի թաղում» զանգվածային անկարգություններ կատարելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին: