Ամփոփվել են «Աբովյան» ՔԿՀ. վերականգնման, արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի արդյունքները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Աբովյան ՔԿՀ. վերականգնման, արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի ամփոփիչ  միջոցառմանը: Այն կայացել է Արդարադատության նախարարության, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Գայանե Վարդանյանը, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը,այլք: 

Փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կայացման մեջ ներգրավված բոլոր անձանց, ի դեմս՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ողջ աշխատակիցների, արդյունավետ և պրոֆեսիոնալ աշխատանքի համար, ինչպես նաև իր երախտիքի խոսքն է հայտնել ԱՄՆ դեսպանատանը ֆինանսական աջակցության և գաղափարի իրականացման համար: «Ծրագրի իրագործումը Արդարադատության նախարարության համար եղել է պատասխանատու և ինտենսիվ աշխատանք, լիահույս եմ, որ հետևողականորեն կպահպանվեն ներդրված արժեքները և մենք ականատես կլինենք դրանց շարունակականությանը»,- նշել է փոխնախարարը:

Ս. Քրմոյանը ներկայացրել է նաև ՔԿՀ-ում վերականգնողական արդարադատության կայացմանն ուղղված համալիր աշխատանքները՝ դատապարտյալների ֆիզիկական և հոգեկան առողջություն, կրթություն, զբաղվածության ապահովում, բիզնես գաղափարների կիրառում և այլն: Այս համատեքստում, փոխնախարարն ընդգծել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը լավագույն հիմնարկներից է, որտեղ կան բավարար միջոցներ՝ պահման պայմանների, լիարժեք կրթության կազմակերպման համար: «Օրինակ, այսօր արդեն դատապարտյալները հնարավորություն ունեն զբաղվել սպորտով, յոգայով, ձեռք բերել համակարգչային, խոհանոցային, վարսահարդարման հմտություններ և համապատասխան վկայագրեր, սովորել անգլերեն, տիրապետել կարպետագործության, հելունագործության, կավագործության նրբություններին, ինչպես նաև ներգրավվել գրքերի թվայնացման գործընթացներին»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ համալիր աշխատանքների արդյունավետությունը ոչ միայն նկատելի  և ողջունելի է այս ոլորտի մասնագետների, փորձագետների, գերատեսչությունների համար, այլև այն գնահատվում է հենց դատապարտյալների կողմից: Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը ամփոփել է ծրագրի արդյունքները, հանգամանորեն ներկայացրել կատարված աշխատանքները, առաջացած խնդիրներն ու դրանց լուծման նախընտրելի ճանապարհները:
Ծրագրի ամփոփիչ  միջոցառմանը ներկա են եղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ, փորձագետներ, ծրագրի շրջանակում դատապարտյալների հետ ուսուցման աշխատանքներ կատարած մասնագետներ: 

Մեկնաբանություններ