ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լքել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը։ Այս որոշման գլխավոր դրդապատճառներից մեկն է հանդիսանում «Իսրայելի նկատմամբ քրոնիկ կողմնակալությունը»։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն իր ելույթի ժամանակ նշել է, որ Մարդու իրավունքների խորհուրդը վերածվել է մարդու իրավունքները ոտնահարողների պաշտպանի։ Նա նաև իր դժգոհությունն է հայտնել՝ Խորհրդին մարդու իրավունքները մշտապես ոտնահարող երկրների անդամակցության առիթով։
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը որակավորել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը որպես կառույց, որը գործում է միայն սեփական շահերից ելնելով ու ծաղրում է մարդու իրավունքները։ Նիքի Քեյլին շեշտել է, որ ԱՄՆ-ն կրկին կանդամակցի Խորհրդին՝ բարեփոխումներ իրականացնելու պայմանով։ Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն որակավորել է ՄԱԿ-ը՝ որպես մարդու իրավունքների «վատ պաշտպան»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիքի Հեյլին հանդես է եկել ՄԱԿ-ում բարեփոխումներ իրականացնելու առաջարկությամբ։ 2017 թվականին նա կոչ է արել մի շարք փոփոխություններ կատարել և բարեփոխումներ իրականացնել՝ Խորհրդի գործունեության մեջ: Մասնավորապես, նրա կարծիքով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը պետք է ավելի քիչ ուշադրություն դարձնի Իսրայելի վրա և կենտրոնացնի իր ուշադրությունը՝ մարդու իրավունքները մշտապես ոտնահարող երկրներին Խորհրդի անդամակցությունից զրկելու որոշման վրա։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը հայտարարել է, որ հիասթափված է ամերիկյան կողմի դիրքորոշմամբ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշի մամուլի քարտուղարն այս առիթով հայտարարել է, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կնախընտրեր, որ ԱՄՆ-ն նման որոշում չկայացներ, մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ողջունել է Վաշինգտոնի կայացրած որոշումը։