Եվրամիության երկրների կառավարությունները դիտարկում են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենի պաշտոնում 3 թեկնածուի:
Ըստ ավանդույթի՝ հիմնադրամի ղեկավարի պաշտոնը պետք է զբաղեցնի եվրոպական երկրներից մեկի ներկայացուցիչը:
Եվրոպական լրատվամիջոցների տեղեկություններով՝ միասնական թեկնածուի ընտրության ժամանակ քաղաքական գործիչները գնահատում են Եվրախմբի նախկին ղեկավար, Նիդերլանդների ֆինանսների նախկին նախարար Յերուն Դեյսելբլումի, Բուլղարիայի ներկայացուցիչ Կրիստալինա Գեորգիևայի և Ֆինլանդիայի Կենտրոնական բանկի ղեկավար Օլլի Ռենի առաջադրման հնարավորությունը: Սկզբնական շրջանում 5 թեկնածություն է առաջադրվել, սակայն թեկնածուների ցուցակից դուրս են մնացել Իսպանիայի տնտեսության և բիզնեսի նախարար Նադի Կալվինյոն և Եվրախմբի գործող ղեկավար Մարիո Սենտենոն:
Դեյսելբլումն ու Ռենն աջակցություն են ստանում հյուսիսեվրոպական երկրներից: Համաշխարհային բանկի տնօրենի պաշտոնակատար, 65-ամյա Գեորգիևան ստանում է Ֆրանսիայի աջակցությունը, սակայն ԱՄՀ կանոնները թույլ չեն տալիս 65 տարեկանից բարձր թեկնածուներին առաջադրվել այդ պաշտոնին:
Նշենք, որ հուլիսի 16-ին ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը հրաժարական է տվել՝ Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում առաջադրվելու պատճառով: Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 12-ից: