Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով դատավարությունը: Նիստը սկսվեց առանց ամբաստանյալների:
Հիշեցնենք, որ նախորդ նիստերի ժամանակ մյուս ամբաստանյալների՝ Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի,
Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Թաթուլ Թամրազյանի Հարություն Հովհաննիսյանի, Գևորգ Իրիցյանի, Արամ Մանուկյանի նխատմամբ կիրառվել էր դատական սանկցիա՝ 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:
Դատական նիստին ներկա չէին Տիգրան Սարգսյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը և ամբաստանյալներ Արամ Հակոբյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը՝ նախապես գրությամբ տեղյակ պահելով իրենց բացակայության վերաբերյալ՝ հիմք հայտնելով, որ գտնվում են արձակուրդում:
Ամբաստանյալների և որոշ պաշտպանների բացակայության պայմաններում նիստերի դահլիճում գտնվող պաշտպանները դատավորից պահանջեցին հետաձգել դատական նիստը:
«Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ եթե տվյալ պահին հնարավոր չէ պաշտպան ապահովել, ապա դատաքննությունը պետք է հետաձգվի: Այդ իսկ հիմքով միջնորդում եմ նիստը հետաձգել, մինչև բացակա պաշտպանների ներկայության ապահովվումը»,-ասաց ամբաստանյալ Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Պաշտպան Լուսինե Սահակյանն էլ հայտարարեց, որ հարցը նույնիսկ քննարկման ենթակա չէ, քանի որ առանց պաշտպանյալների մասնակցության՝ չի կարող տեղի ունենալ նիստ:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ համարելով, որ մյուս պաշտպանական իրավունքի խախտման խնդիր չկա, ասելով, որ բացակա կողմերի համար անհրաժեշտության դեպքում կկրկնի այսօրվա գործընթացը:
Միջնորդության մերժումից հետո պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մեկ այլ միջնորդություն արեց՝ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ, մանրամասնելով, որ վերջինս անաչառ չէ և այս գործի ելքով շահագռգռված է:
«Հայտարարում եմ, որ այսուհետ չեմ մասնակցի դատական նիստերին, քանի որ դուք խախտում եք ամբաստանյալների պաշտպանության իրավունքը, նաև մեր կոլեգաների ՝ դատական նիստերին ներկա գտնվելու իրավունքը: Ես չեմ կարող գտնվել դատական նիստերի դահլիճում, մինչև որ դատարանը չապահովի բոլորի իրավունքներն ու չսկսի ղեկավարվել Քրեական դատավարության օրենսգրքով»,- հայտարարեց Մարտիրոս Հակոբյանի Պաշտպան Լուսինե Սահակյանը և լքեց նիստերի դահլիճը:
Ամբաստանյալ Գևորգ Իրիցյանի պաշտպան Նինա Կարապետյանցն էլ իր հերթին կարծիք հայտնեց, որ այնպիսի տպավորություն է ստեղծվել, կարծես թե դատավորի և փաստաբանների քրեական դատավարության օրենսգրքերը տարբեր են:
«Ստեղծված խնդիրը լավագույնս լուծելու համար դուք պետք է հետաձգեիք դատական նիստը, որովհետև մեր պաշտպանյալները չեն ցանկանում, որպեսզի իրենց բացակայության ժամանակ պաշտպանները գտնվեն նիստերի դահլիճում, սակայն արեցիք՝ խախտելով օրենքը»,- ասաց Արամ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը:
Հայարփի Սարգսյանը նշեց, որ դատարանն ի վիճակի չէ կողմերի համար հավասարություն պահպանել, ուստի կոչ արեց դատարանին արժանապատվորեն ինքնաբացարկ հայտնել:
Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը ևս միացավ ինքնաբացարկի միջնորդությանը, հավելելով, որ դատական նիստը պետք է հետաձգվի. «Կարծում եմ, այս դատական նիստին գոնե փաստաբանների մեծ մասը ներկայացել էր, որպեսզի կարողանանք դատավարական գործողություններ կատարել, մինչդեռ տպավորությունն այնպիսին է, որ դուք իսկապես չեք ուզում, որ այս նիստը առաջ գնա և արհեստական արգելքներ եք ստեղծում»:
Դատարանը որոշում կայացնելու նպատակով հերթական ընդմիջումը հայտարարեց՝ հեռանալով խորհրդակցական սենյակ: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանը և Լուսինե Սահակյանը հրաժարվեցին ներկա գտնվել դատական գործընթացին առանց իրենց պաշտպանյալների. «Թորոս Թորոսյանը նշել է, որ եթե ես մասնակցեմ նիստերին առանց իր ներկայության ինքը կհրաժարվի իմ ծառայությունից»,-ասաց Լիպարիտ Սիմոնյանը :
Պաշտպան Հարություն Բաղդասարյանը ևս հրաժարվեց առանց ամբաստանյալի դատական գործընթացին ներկա գտնվել, հավելելով, որ իր պաշտպանյալ Արամ Մանուկյանը նույնպես թույլ չի տվել իրեն առանց իր ներկայության մասնակցել դատական նիստերին:
Մեղադրող կողմը ամբաստանյալների վերոնշյալ հանձնարարությունները պաշտպաններին դիտարկեց անօրինության դրսևորում, ապա միջնորդություն ներկայացրեց, որպսզի վերոնշյալ հարցը կարգավորելոււ համար դատարան բերվեն ամբաստանյալները:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատախազության միջնորդությունը բավարերց, ինչի արդյունքում ամբաստանյալներ Գևորկ Իրիցյանին, Հովհաննես Հարությունյանին, Արամ Մանուկյանին, Թորոս Թորոսյանին, Արթուր Մելքոնյանին, Արթուր Սողոմոնյանին բերեցին նիստերի դահլիճ, ապա վերջիններս հայտարարեցին, որ առանց իրենց ներկայության թույլ չեն տալիս պաշտպաններին մասնակցել դատավարությանը:
Դատարանն էլ իր հերթին նշեց, որ եթե պաշտպանները ներկա չգտնվեն դատական գործընթացին, ապա գործի մեջ կներգրավեն հանրային պաշտպան:
Ամբաստանյալներին նիստերի դահլիճից կրկին հեռացնելուց հետո, վերջիններիս պաշտպաններ՝ Նինա Կարապետյանցը, Հարություն Բաղդասարյանը, Լիպարիտ Սիմոնյանը լքեցին նիստերի դահլիճը:
Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը կրկին բարձրացրեց հարց այն մասին, որ իր պաշտպանյալի նկատմամբ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ նիստերի դահլիճում, դատավորի ներկայությամբ բռնի ուժ է կիրառվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Հավելենք, որ այդ ամենից հետո ոստիկանները Հովհաննես Հարությունյանի ստորագրությամբ գրություն են ուղարկել դատավորին, այն մասին, որ իր նկատմամբ բռնություն չի կիրառվել: Ըստ Հայարփի Սարգսյանի՝ իր պաշտպանյալը առանց կարդալու է ստորագրել ոստիկանության կողմից վերոնշյալ գրությունը, ուստի իրականում նա հայտարարում է, որ իր հանդեպ բռնի ուժ է կիրառվել, որի արդյունքում վիրավոր ոտքը վնասվել է, իսկ այժմ ունի ցավեր:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հորդորեց նման խնդրի դեպքում դիմեն, որպեսզի համապատասխան փորձաքննություն իրականացվի: Հայարփի Սարգսյանը վրդովմունք հայտնեց դատավորի պատասխանի վեաբերյալ. «Դուք թքած ունեք իմ պաշտպանյալի կյանքի եւ առողջության վրա:»,-ասաց նա, ինչից հետո դատարանը նախազգուշացում կիրառեց, ապա դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ վերադառնալուն պես հայտարարեց, որ սանկցիա է կիրառում Հայարփի Սարգսյանի հանդեպ՝ նրան պատասխանատվության ենթարկելու մասին գրությամբ դիմելով ՀՀ փաստաբանների պալատին:
Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 31-ին:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի