«Ականջներդ կկտրեմ» արտահայտության համար դատավորը դատախազի նկատմամբ սանկցիա չկիրառեց

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  «Նորքի  զինված խմբի» գործով դատական նիստը:  

Նիստի մեկնարկին ամբաստանյալ Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց, որ մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանի նկատմամբ դատարանը դատական սանկցիա կիրառի, այն բանի համար, որ վերջինս նախորդ նիստի ժամանակ անհարգալից է արտահայտվել ամբաստանյալի նկատմամբ: Բայն այն է, որ նախորդ նիստի ժամակ մեղադրող Գևորգ Սարգսյանը գործում առկա փաստացի ապացույցների հետազոտման շրջանակներում մեղադրող դատախազը հրապարակել, որ «Շռամ Վալերիկ» անվամբ անձնավորության գերեզմանի մոտ արված լուսանկարներ, վերջինիս անվանելով «ինչ-որ», ինչը բացասական վերաբերմունք է առաջացրել ամբաստանյալ Արթուր Վարդանյանի մոտ, քանի որ լուսանկարում պատկերված անձի գերեզմանը վերջինիս հորն է պատկանել՝  արցախյան պատերազմի մասնակից  Վալերիկ Վարդանյանին: Դատարանը նկատողություն է արել ամբաստանյալին, սակայն նա շարունակել է իր վրդովմունքը արտահայտել, ինչի արդյունքում դատավոր Արմեն Բեկթաշյանը վերջինիս նկատմամբ դատական սանկցիա է կիրառել՝ հեռացնելով նիստերի դահլիճից: Նիստերի դահլիճից դուրս բերվելու ժամանակ ամբաստանյալը մեղադրողին ինչ-որ բան է ասել, ինչին ի պատասխան մեղադրող Գևորգ Սարգսյանը ասել է՝ ականջներդ կկտրեմ:

Պաշտպանի միջնորդությունը լսելուց հետո դատավոր Արմեն Բեկթաշյանը հարցադրում արեց՝ արդյո՞ք դատական նիստի ժամանակ է մեղադրողը ադպես ասել, որին ի պատասխան Լևոն Բաղդասարյանը ասաց այո, սակայն դատավորը փաստեց, որ ինքը ներկա չի եղել այդ վեճին և մեղադրողից այդպիսի բան չի լսել:

Ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ իր հերթին միացավ միջնորդությանը և փաստեց այն մասին, որ ինքը լսել է մեղադրող կողմի նման արտահայտությունը և դա նույնիս փաստում են ԶԼՄ ներկայացուցիչները, որոնք իրենց նյութերում անդրադարձել են վերոնշյալ դեպքին:

Իր հերթին մեղադրողը ասաց, որ ինքը տեղյակ չի եղել, որ լուսանկարում պատկերված անձի գերեզմանը պատկանում է ամբաստանյալ  Արթուր Վարդանյանի հորը և, որ ինքը վիրավորելու որևէ միտում չի ունեցել և ընթերցել է միայն այն, ինչը գրված է եղել գործի նյութերում:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով միջնորդությունը մերժելու մասին որոշումը հրապարակեց:

Մեղադրողները շարունակեցին հրապարակել մեղադրանքի կողմի ապացույցները, նաև Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի, Մոնթեի գերեզմանների մոտ Արթուր Վարդանյանի և մյուս ամբաստանյալների լուսանկարներն ու  տարբեր գյուղերի ազատամարտիկների ցուցակները:

Վահան Շիրխանյանը ընդհատեց, մանրամասնելով, որ ուզում է հասկանալ լուսանկարների հրապարակման իմաստը. «Մեղադրականի մա՞ս է սա, 37 թիվն է: Հետո ի՞նչ, որ մարդիկ լուսանկարվել են Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ, կամ որ գյուղում ցուցակներ կան ազատամարտիկների, Ձեզ ի՞նչ»:,-սակայն մեղադրող կողմը անհրաժեշտություն համարեց դրանց հրապարակումը և շարունակեց:

Նշենք, որ ամբաստանյալ Արթուր Վարդանյանը նիստի մեկնարկին դատական նիստերի դահլիճում չէր, իր պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց, որ վերջինիս բերեն, քանի որ անհասկանալի է դատավորի կիրառած սանկցիայի ժամային հաշվարկը, սակյան դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժեց:  Սանկցիայի մեկ ժամը լրանալուն պես ամբաստանյալին բերեցին դատական նիստերի դահլիճ:

Արթուր Վարդանյանի խոսքով՝ մեղադրող կողմի ներկայացրածը՝ տարբեր լուսանկարների հրապարակումը միտված է ամբաստանյալներին կոտրելուն, ցույց տալու, որ նրանք խեղճացած են. «Կան ապացույցներ, որ մեղադրողը չի հրապարակում՝ բառի բուն իմաստով թերթում է»,-ասաց նա անդրադառնալով նաև այն փաստին, որ մեղադրող կողմի նկատմամբ դատական սանկցիա չկիրառվեց. «Ես էդ մակարդակին չեմ իջնի: Դատարանը պետք է օգտագործի իր իշխանությունը՝ չեզոք և անկողմնակալ դիրքորոշում ներկայացնելու համար, եթե ոչ՝ ուրեմն մեղադրող կողմի ամեն ներկայացված ապացույցների անհարգալից վերաբերմունքին և վիրավորական խոսքերին ես անձամբ պատասխան եմ տալու, թե դրա համար դատական սանկցիա կկիրառվի, կհեռացնեք՝ դա արդեն ձեր խնդիրն է»,- հայտարարեց նա:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

 

Մեկնաբանություններ