ԱԺ նախագահը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Արա Բաբլոյանն արժեւորել է Ֆրանսուա Շարպանտիեի ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամության ու միջխորհրդարանական կապերի, քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում:

Խորհրդարանի ղեկավարը, հաջողություններ մաղթելով դեսպանին դիվանագիտական հետագա գործունեության մեջ, վստահություն է հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, շնորհակալություն հայտնելով գնահատանքի եւ ջերմ խոսքերի համար, նշել է, որ այս տարիների ընթացքում իր ջանքերն է ներդրել հանուն Ֆրանսիայի եւ Հայաստանի հարաբերությունների խթանման ու ամրապնդման:

Դեսպանը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ավանդը երկու երկրների կապերի զարգացման ու խորացման հարցում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցությանն ու ակտիվ շփումներին, Հայաստանում ֆրանսիական կրթական հաստատությունների ստեղծմանը, ֆրանկոֆոն երկրների միջեւ համագործակցության խթանմանը վերաբերող հարցերի:  Այս մասին հաղորդում են Աժ պաշտոնական կայքից:

Մեկնաբանություններ