Վկաների հարցաքննությունն ավարտվեց. Նորքի զինված խմբի գործ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Նորքի  զինված խմբի» գործով այսօրվա դատական նիստի ընթացքում շարունակվեց վկաների ցուցմունքները:

Վկա Տիգրան Սարգսյանը դատարանում ցուցմունքի ժամանակ ասաց, որ ամբաստանյալներից ոչ-ոքի չի ճանաչում, ապա հայտնեց, որ ճանաչում է գործով ամբաստանյալ Արման Հայրապետյանին, ում հետ շփվել է գործի բերումով: Վկան Հանրային հեռուսաընկերության մուտքի մոտ ծառայություն է իրականացրել, որի ժամանակ էլ տեսել է ամբաստանյալին:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ 2015 թվականի նոյեմբերի 14-ին ամբաստանյալը իր մեքենայով գլխավոր մոտքով մտել է հեռուսաընկերություն, սակայն նր հետ աղջիկ չի նկատել. «Ավտոմեքենայով է եղել ու քանի որ մեր աշխատակիցն է եղել չենք նայել՝ մեքենայի մեջ բացի իրենից մարդ կա, թե չէ. Եթե կասկածեինք՝ կստուգեինք»,-ասաց վկան:

Գործով մյուս վկա Իշխան Քիշմիրյանը ճանաչեց ամբաստանյալներ Արա Պողոսյանին և Արթուր Վարդանյանին. «Արայի հետ ծանոթացել ենք 2015 թվականի մայիսին՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով, ես վավերագրական ֆիլմ նկարելու ծրագիր՝ սցենար էի գրել ու երկար տարիներ  ցակնանում էի կյանքի կոչել: Արան էլ առաջարկեց համագործակցել»,- ասաց վկան, հավելելով, որ համագործակցության առաջարկից հետո է ծանոթացել մյուս ամբաստանյալի՝ Արթուր Վարդանյանի հետ, ում հետ միայն ֆիլմի ֆինանսական նախագծի մասին են խոսել:

«Մենք խոսել ենք հեռուստանախագծի մասին, որը  Արթուր Վարդանյանը պետք է ֆինանսավորեր: Նա պետք է ֆինանսավորեր նաև  ֆիլմի նկարահանումը:  Նախագիծը կոչվում էր «Երիտասարդ դիվանագետ»: Կար սցենար, ըստ որի՝ հին պայմանագրերի մասին ինֆորմացիոն բնույթի ֆիլմ պետք է նկարահանվեր՝ Արցախում, Արևմտյան Հայաստանում և բոլոր այն վայրերում, որտեղ մինչև 1918 թվականը պայմագրեր են կնքվել: Անհրաժեշտ գումարը հաշվարկել ենք Արայի և Արթուրի հետ, կազմել էր 20 000 ԱՄՆ դոլար»,-մանրամասնեց վկան:

Ըստ Իշխան Քիշմիրյանի՝ Արթուր Վարդանյանի հետ նրանք հանդիպել են շատ անգամներ և միայն հասրակական վայրերում:

Հերթական հանդիպման ժամանակ էլ ծանոթացել է ամբաստանյալ Ապարի, նույն ինքը՝ Խաչիկ Ավետիսյանի հետ:

Այդ հանդիպումների ընթացքում, ըստ վկայի ցուցմունքի՝ Արթուրը արյան գնով իշխանափոխության մասին ոչինչ չի ասել. «Նա հիմնականում ասում էր, որ ոչ թե Սահմանադրական բարեփոխումներ պետք է իրականացվի, այլ հանրաքվե, որպեսզի Արցախը միանա Հայաստանին: Արթուրը նաև ասում էի, որ Հայաստանյան դեսպանատները լավ չեն աշխատում և հիմնականում գումար շոռթելու համար են ծառայում»,-ասաց վկան, նշելով, որ Արթուր Վարդանյանը խոսել է 37 երկրների հետ ինչ-որ հակաահաբեկչական կոալիցիա կազմելու մասին՝ Սիրայում պայքարելու համար. «Արթուրը պատմում էր, որ ինքն է Քեսաբում հայերի պաշտպանական ծրագրի հեղինակը»,-ասաց վկան:  Վկայի խոսքերով՝ ինքը Հայր Անտոնին տեսել է մեկ անգամ՝ նկարիչների միության շենքում: Խոսել են դիվանագետների ակումբի ստեղծման մասին:

Վկան հավելեց, որ այսպիսի խոսակցությունները նա լուրջ չի ընդունել և մտածել է, որ դրանք զուտ խոսքեր են. «Եղելեն Խոսակցություններ նոր Կառավարության ստեղծման մասին, ըստ Արթուրի՝ դա հնարավոր էր միայն Սփյուռքի ճնշմամբ»:

Հետագայում, ըստ վկայի՝ ֆիլմի ֆինանսավորման հետ կապված ինքը կասկածանքներ է ունեցել: Արայի, Արթուրի և Ապարի հետ կրկին հանդիպել են, այս անգամ Կովկաս ռեստորանային համալիրում: Խոսակցության ընթացքում Արթուրը գումար է փոխանցել ֆիլմի ստեղծագործական անձնակազմից որևէ մեկին. «Իմ կարծիքով դա իմիտացիա էր, որպեսզի ես համոզված լինեմ, որ նրանց կողմից ֆիլիմի հովանավորում այնուամենայնիվ լինելու է»,-ասաց վկան:

Ֆիլմի սցենարով նկարահանումներ պետք է իրականացվեին Արևմտյան Հայաստանում, Արցախում, բայց վերոնշյալ հանդիպումից հետո Արթուրի հետ որոշում են կայացրել, որ միայն Արցախում լինի: Դատախազի այն հարցին, թե արդյոք ֆիլմի նկարահանման ժամանակ զենքով մարդիկ կլինեին, վկան պատասխանեց, որ Արևմտյան Հայաստանում նկարահանումներ իրականացնելու ժամանակ, որպես պաշտպանություն՝ իհարկե կլինեին:

Վկայի խոսքերով՝ իրեն իշխանափոխության գալու պարագայում ոչ մի պաշտոն չեն առաջարկել:

Գործով դատախազը, վկայի դատարանում տված ցուցմունքի և նախաքննության ընթացքում տված ցուցմունքի մեջ հակասություններ գտավ և դատարանին միջնորդություն ներկայացրեց, որպեսզի վերջինիս նախաքննական ցուցմունքը հրապարակվի:

Ըստ նախաքննության ցուցմունքի՝ Արա Պողոսյանը առաջարկել է, որ իշխանափոխության պարագայում վկան  որևէ պաշտոն զբաղեցնի՝ արտաքին քաղաքականության որևէ գերատեսչության գործիչ կամ դեսպան որևէ երկրում, որտեղ վերջինս կցանկանա. «Դա Արայի կողմից ոչ թե առաջարկություն է եղել, այլ կարծիք: Սրա վերաբերյալ ոչինչ չեմ հիշում, սակայն ժամանակին ինչ գրել եմ, ճիշտ եմ գրել»,- նախաքննական ցուցմունքի վերաբերյալ ասաց վկան:

Հաջորդ դատական նիստի ընթացքում քրեական գործով առկա փաստաթղթերի հետազոտություն կիրականացվի:

Նիստը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի