Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը միջնորդել են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխվի:
Այս մասին Վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց Սամվել Բաբայանի աջակիցներից Անդրանիկ Թևանյանը:
«Մենք երաշխավորում են Սամվել Բաբայանի պատշաճ վարքագիծը և վստահեցնում, որ մինչև գործի ավարտը նա որևէ գործողություն չի կատարի, որը կխաթարի գործին»,- իրենց միջնորդության մեջ նշել են պատգամավորները:
Անդրանիկ Թևանյանն ասաց, որ ամբողջ խնդիրն այն է, որ Վճռաբեկ դատարանը պետք է արագ վարույթ ընդունի վճռաբեկ բողոքը.«Սակայն Վճռաբեկ դատարանի նախագահը Արման Մկրտումյանն է, ում վերաբերյալ Եվրոպական դատարանն անվանական որոշում է կայացրել, իսկ դա խայտառակություն է և որ վերջինս իրավունք չունի զբաղվել դատական գործունեությամբ. «Այդ մարդը հիմա պետք է որոշում կայացնի, թե արդյոք ընդունի՞ Սամվել Բաբայանի գործը վարույթ, թե՞ չընդունի»:
Հավելենք, որ Գլխավոր դատախազության դիմաց էլ վաղ առավոտից տասնայակ քաղաքացիներ հավաքվել են և պահանջում են Գլխավոր դատախազի՝ Արթուր Դավթյանի հրաժարականը:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Իսկ Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի որոշումը թողեց անփոփոխ: