Տոլմաչևն ընդդեմ Ռուսաստանի

Դիմումատուն՝ Ալեքսանդր Տոլմաչևը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1955 թվականին և համապատասխան ժամանակահատվածում բնակվել է Դոնի Ռոստով քաղաքում, աշխատել է որպես լրագրող: Գործը վերաբերում է Դիմումատուի դեմ զրպարտության մեղադրանքով հարուցված երկու վարույթներին։ 

Դիմումատուի դեմ գործ է հարուցվել տեղական թերթում հոդվածների հրապարակումից հետո, որոնք քննադատել են Դոնի Ռոստովի շրջանի երկու դատավորներին: Առաջին անգամ Դիմումատուի դեմ գործ է հարուցվել 2010թ․-ի մայիսին հրապարակված հոդվածի համար, որի մեջ կին դատավորը ներկայացվել է որպես ոչ բարոյական կերպար և նշվել է, որ վերջինս արգելափակել է հարևանների մուտքը շենքի տարածքում՝ միջնապատ տեղադրելով: Իսկ երկրորդ վարույթը վերաբերում է 2008 և 2010 թվականներին հրապարակված երեք հոդվածներին, որոնց մեջ քննադատվել է մյուս կին դատավորը՝ կաշառք վերցնելու համար։

Երկրորդ գործը Դիմումատուի դեմ հարուցվել է դատավորի որդու կողմից, քանի որ դատավորն այդ ժամանակահատվածում մահացել է: Հետագայում, դատական ատյանները պարզել են, որ զրպարտության հետևանքով վնաս է պատճառվել դատավորների հեղինակությանը, քանի որ գործի քննության ընթացքում Դիմումատուն չի ապացուցել իր հոդվածներում կատարած որոշ հայտարարությունների ճշմարտացիությունը: Երկրորդ գործով դատարանի կայացրած որոշման մեջ շեշտվել է հայցվորների խոցելիության բարձր մակարդակը, քանի որ գործը վերաբերել է մահացած դատավորին, և հայցը ներկայացրել է վերջինիս որդին: 

Ներպետական դատական ատյաններն առաջին վարույթի ավարտին կարգադրել են Դիմումատուին վճարել հայցվոր կողմին 215․000 ռուսական ռուբլի (մոտավորապես 5,250 եվրո)՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 1․000 000 ռուբլի (մոտավորապես 25,000 եվրո)՝ երկրորդ վարույթի ավարտին։ Դիմումատուն դիմել է ներպետական դատական ատյաններին և բազմիցս բողոքել է դատարանի որոշումների դեմ, սակայն, ապարդյուն։

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (արտահայտվելու ազատություն)՝ Դիմումատուն բողոքել է իր դեմ կայացված որոշումների մասին՝ նշելով, որ հոդվածները պետք է դիտարկվեին դատական համակարգում կոռուպցիայի քննադատության և դրա բացահայտմանն ուղղված ջանքերի լայն համատեքստում: Դիմումատուն բողոքել է, որ դատարանի կայացրած որոշումները հանգեցրել են խոսքի ազատության նկատմամբ անհամաչափ միջամտությանը և արտահայտվելու ազատության սահմանափակմանը, որոնք, սակայն, անհիմն են: Դիմումատուն նաև պնդել է, որ դատարանի կողմից սահմանված գումարները, որոնք նա պետք է վճարեր հայցվորներին որպես փոխհատուցում, չափազանց մեծ են: 

Կառավարությունը պնդել է, որ դատավորները արժանի են, որ իրենց հեղինակությունը պաշտպանվի բարձր մակարդակով, մինչդեռ մամուլը չպետք է դուրս գա որոշակի սահմաններից: Դիմումատուն, այնուամենայնիվ, օգտագործել է իր դիրքը որպես լրագրող՝ «օրինական նիհիլիզմ» տարածելու և դատական ​​համակարգին «անուղղելի վնաս» պատճառելու համար: Կառավարությունը մատնանշել է հոդվածներում հայտարարությունների առնչությամբ ապացույցների բացակայությունը՝ կապված այդ պնդումների ճշմարտացիության հետ: Կառավարությունը նաև պնդել է, որ փոխհատուցման գումարները մեծ չեն եղել և սահմանվել են՝ Դիմումատուի եկամուտը և հայցվոր կողմին պատճառված վնասի չափը հաշվի առնելով։

Դիմումատուն շեշտել է, որ վերոհիշյալ ժամանակահատվածում, նա որպես հետաքննող լրագրող հրապարակել է մի քանի հոդվածներ, որոնք քննադատել են Ռոստովի մարզի որոշ դատավորներին՝ դատական ​​իշխանությունների կողմից չարաշահումները բացահայտելու համար: Այնուամենայնիվ, նա երբեք չի օգտագործել վիրավորական արտահայտություններ և չի փորձել «վնաս պատճառել դատական ​​համակարգի հեղինակությանը»: Ըստ Դիմումատուի, վնասի փոխհատուցման գումարը չափազանց մեծ էր, և դա բացատրում է ազգային դատարանների գործելակերպը, որը զրպարտության գործերով դատավարության ընթացքում քաղաքական գործիչներին և պետական ​​ծառայողներին անհամաչափ մեծ չափի փխհատուցման գումար է հատկացնում։ Դա, նրա կարծիքով, գործիք է, որն օգտագործվում է իշխանությունների կողմից՝ իրենց ընդդիմադիրներին լռեցնելու համար: Բացի այդ, Դիմումատուն ապացույցներ և փաստարկներ է ներկայացրել, որոնք հաստատել են հոդվածների պնդումները։

ՄԻԵԴ-ը նշել է, որ վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունը` անկախ դրա բնույթից ու չափից, հանդիսանում է միջամտություն անձի արտահայտվելու ազատությանը: Նման ձևով արտահայտվելու ազատությանը միջամտության և այդ միջամտությամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև արդարացի հավասարակշռությունը պայմանավորող գործոն է, ի թիվս այլնի, վիրավորանքի կամ զրպարտության համար սահմանվող պատասխանատվության համաչափությունն անձի պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասին: Այս առնչությամբ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը պահանջում է, որպեսզի վիրավորանքի կամ զրպարտության համար սահմանվող փոխհատուցումը համաչափության ողջամիտ հարաբերակցություն ունենա անձի հեղինակությանը պատճառված վնասի հետ։ Քննելով սույն գործի հանգամանքները և կողմերի դիրքորոշումներն ու փաստարկները, Դատարանը եզրակացրել է, որ չի ապացուցվել, որ Դիմումատուի՝ արտահայտվելու ազատությանը իշխանությունների միջամտությունը «անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակության մեջ»:

Այսպիսով, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։ Դատարանը վճռել է, որ Ռուսաստանը պետք է Դիմումատուին պատճառված նյութական վնասի համար վճարի 17․700 եվրո, ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համար 9․750 եվրո և 650 եվրո՝ դատական ծախսերի համար։