Ռուսաստանը 4 տարով զրկվել է միջազգային բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեն քիչ առաջ որոշել է չորս տարով զրկել Ռուսաստանի Դաշնությանը միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից: «Ինտերֆաքս» գործակալության հաղորդագրության համաձայն՝ որոշումը միաձայն է կայացվել:

Reuters-ի տեղեկություններով՝ ռուսաստանցի մարզիկները զրկվում են օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունքից: Որոշման պատճառը Մոսկվայի Հակադոպինգային լաբորատորիայի կողմից միջազգային գործակալությանը շարունակաբար խեղաթյուրված տվյալներ ներկայացնելն է:

Անցած տարի Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը վերացրեց ռուսական RUSADA հակադոպինգային ընկերության վրա շուրջ երեք տարի դրված պատժամիջոցը՝ պայմանով, որ Ռուսաստանը ներկայացնի 2012-2015 թվականների ընթացքում դոպինգային ուսումնասիրությունների տվյալները և օրինակները: Սակայն այս տարվա նոյեմբերին WADA-ի կոմիտեն հայտնեց, որ Մոսկվայի լաբորատորիայից հունվարին ստացված տվյալների մեջ կեղծիքներ են հայտնաբերվել, և Ռուսաստանին պատժելու առաջարկներ ներկայացրեց:

Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը հայտնել է, որ Ռուսաստանը բողոքարկելու է Դաշնության մարզիկներին 4 տարով որակազրկելու՝ Հակադոպինգային համաշխարհային գործակալության (WADA) որոշումը: 

Գործակալության վճռով, Ռուսաստանի հավաքականները չեն կարող ի պաշտոնե ներկա լինել Տոկիոյում հաջորդ տարվա ամռանը կայանալիք Օլիմպիադային: Ռուսաստանցիներից կարող են այդ խաղերին մասնակցել «մաքուր» մարզիկները՝ չեզոք դրոշի ներքո:

Կոլոբկովն ասել է, թե չի կարելի պատժել բոլոր մարզիկներին առանձին մարզիկների կատարած խախտումների համար:

«Մեր փորձագետներն առաջարկել են առարկայական պարզաբանումներ, բայց նրանց ոչ ոք չի լսել, Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը (RUSADA), ունի բողոքարկելու հնարավորություն, այն կարող է վերաբերել ամբողջ վճռին կամ պատժամիջոցի որոշակի դրույթներին», – ասել է նախարար Կոլոբկովը: Իսկ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե կոլեկտիվ պատիժն անընդունելի է: Նա WADA-ի որոշումը քաղաքական է անվանել՝ նշելով, որ Ռուսաստանն այն բողոքարկելու է: