Նյու Յորքում բացվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը

Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին բացվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական, 74-րդ նստաշրջանը, որը կշարունակվի մինչև հաջորդ տարվա սեպտեմբերի 17-ը: Առաջիկա քննարկումների ուշադրության կենտրոնում 170-ից ավելի հարցեր են, որոնք ներառում են գլոբալ բոլոր խնդրիները՝ տարածաշրջանային սուր հակամարտություններից մինչև արդիականության հանգուցային տնտեսական, բնապահպանական և հումանիտար մարտահրավերները։

Բացման արարողությունը կայացել է Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նստաշրջանի նախագահ Տիջանի Մուհամադ Բանդեն։ Նա ավելի վաղ զբաղեցնում Էր ՄԱԿ-ին առընթեր Նիգերիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը:

Մուհամադ Բանդեն՝ Գլխավոր ասամբլեայի ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն, ավելի վաղ ընդգծել Է, որ մտադիր Է բոլոր ջանքերը նպատակամղել ահաբեկչության, սովի, աղքատության, գենդերային անհավասարության և զինված հակամարտությունների ընթացքում բռնությունների դեմ պայքարին:

Նոր նստաշրջանի բացմանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը՝ շնորհավորելով նիգերիացի Թիջանի Մուհամադ Բանդեին՝ Գլխավոր ասամբլեայի նոր նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ այս տարի օրակարգում են մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ խաղաղությունը, անվտանգությունը, աղքատության վերացումը, որակյալ կրթությունը, կլիմայական փոփոխության դեմ պայքարի միջոցներն ու համընդհանուր առողջապահությանը վերաբերող խնդիրները:

ՄԱԿ-ում առավել հագեցած շրջան կլինի հաջորդ շաբաթը, որի ընթացքում տեղի կունենան բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճեր: Ամբիոն կբարձրանան 114 պետությունների ղեկավարներ, ինչպես նաև կառավարությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների 80-ից ավելի ղեկավարներ, որոնց ելույթներն ավանդաբար կպայմանավորեն Գլխավոր ասամբլեայի աշխատանքն առաջիկա ողջ տարվա ընթացքում։ Սեպտեմբերի 24-ին կսկսվի ընդհանուր քննարկումը, որին կմասնակցեն 97 երկրների ղեկավարներ, հինգ փոխնախագահներ, 46 կառավարությունների ղեկավարներ և 38 նախարարներ:

Ավանդաբար, Գլխավոր ասամբլեայի ամբիոնից առաջինը ելույթ կունենան Բրազիլիայի և Միացյալ Նահանգների առաջնորդները՝ ընդհանուր քաղաքական քննարկումների ընթացքում: Ընդհանուր քննարկումների սկսվելուց առաջ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ի անդամ պետություններին կներկայացնի կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

«Գլխավոր ասամբլեան առանցքային նշանակության բացառիկ ու անփոխարինելի համաժողով է, որը համախմբում է ողջ աշխարհին և կարող է առաջընթաց գրանցել հրատապ թեմաների շուրջ»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և հավելել, որ այս տարի օրակարգում տեղ են զբաղեցրել մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են՝ խաղաղությունը, անվտանգությունը, աղքատության վերացումը, որակյալ կրթությունը, կլիմայական փոփոխության դեմ պայքարի միջոցներն ու համընդհանուր առողջապահությանը վերաբերող խնդիրները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Նյու Յորքում նա կմասնակցի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշի հետ, տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի «Թավշյա հեղափոխությանը» նվիրված ցուցահանդես և Կոլումբիայի համալսարան: