Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրենին

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշին։ Վերջինս ներկայացնում է Հայաստանը ԱՄՀ-ում:

Հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ԱՄՀ հետ շարունակական համագործակցությունը և շահագրգռված է կառուցողական գործընկերության հետագա խորացմամբ: ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրենի խոսքով՝ Հայաստանը հուսալի գործընկեր է Արժույթի միջազգային հիմնադրամի համար, և ԱՄՀ-ն պատրաստակամ է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով նախաձեռնած բարեփոխումներն իրականացնելու համար: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև համագործակցության ընդլայնման և զարգացման հեռանկարները:

Վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին՝ խոսելով տնտեսության կառուցվածքում բարձր տեխնոլոգիաների խթանման, Հարկային օրենսգրքի բարեփոխման, միկրոբիզնեսի ստեղծման, բիզնես միջավայրի համար կարգավորումների դյուրացման, պետական կառավարման և կրթության համակարգերի բարեփոխման, հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում տարվող աշխատանքների մասին:

Ընդգծելով բարեփոխումների հաջողման գործում ինստիտուցիոնալ և փորձագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ կառավարության ղեկավարը կարևորել է այդ համատեքստում միջազգային գործըկեր կառույցների, այդ թվում՝ ԱՄՀ-ի համապատասխան օժանդակությունը:

Ռիչարդ Դորնբոշն իր հերթին նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է քննարկել ՀՀ վարչապետի նշած ոլորտներում բարեփոխումների իրականացմանը աջակցություն տրամադրելու հնարավորությունները: Հաստատելով համագործակցության պատրաստակամությունը՝ վարչապետ Փաշինյանն առաջարկել է պատկան գերատեսչությունների ղեկավարների հետ համատեղ քննարկել կոնկրետ անելիքները: