Միջազգային դատարանը մերժել է Լիբիայի խնդրանքը

Ընթացիկ տարվա հունվարի 16-ին Միջազգային քրեական դատարանը մերժել է Լիբիայի ներկայացրած խնդրանքը՝ կասեցնել երկրի նախկին նախագահի որդի Սեիֆ ալ-Իսլամ Ալ-Քադդաֆիին հանձնելու որոշման վերաբերյալ։ Դատարանը կարգադրել է Լիբիային անհապաղ հանձնել նրան Դատարան։ 

Միջազգային քրեական դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ 2013 թվականի հունիսի 7-ին Լիբիայի իշխանությունները դիմել են Դատարան՝ 39-ամյա Սեիֆ ալ-Իսլամ Ալ-Քադդաֆիին հանձնելու մասին կայացված որոշումը կասեցնելու խնդրանքով: Լիբիան նման խնդրանքը հիմնավորել է այն մտահոգությամբ, որ նախկին նախագահի որդու հանձնումը Դատարանին լիբիական իշխանությունների համար այնպիսի անդառնալի իրավիճակ կստեղծի, որը դժվար կլինի ուղղել։ Սակայն Վերաքննիչ պալատը որոշել է, որ դա հիմնավոր պատճառ չի կարող հանդիսանալ նման որոշումը կասեցնելու համար և մերժել է Լիբիայի ներկայացրած խնդրանքը։ 

Նշենք, որ 2011 թվականի հունիսի 27-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Մուամմար Մուհամմադ Աբու Մինյար Քադդաֆիի, Սեյֆ ալ-Իսլամ Քադդաֆիի և Աբդուլլահ աս-Սենուսսիի ձերբակալման մասին որոշում է կայացրել՝ Լիբիայում 2011 թվականի փետրվարի 15-ից մինչև փետրվարի 28-ը պետական ապարատի և հատուկ ծառայությունների միջոցով մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար։ 2011 թվականի նոյեմբերի 22-ին Մուամմար Քադդաֆիի դեմ գործը պաշտոնապես դադարեցվել է՝ վերջինիս մահվան պատճառով։ Միջազգային քրեական դատարանը կոչ է արել Լիբիայի իշխանություններին անհապաղ իրագործել միջազգային դատական ատյանների կայացրած որոշումը և կատարել իրենց միջազգային պարտավորությունները։