ՄԻԵԴ-ն առաջին անգամ վճռել է փոխհատուցում հատկացնել ընտանեկան բռնության զոհ դարձած ռուս կնոջը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է փոխհատուցում հատկացնել Վալերիա Վոլոդինային`ավելի քան 25 հազար եվրո գումարի չափով: Վոլոդինան բողոքել է, որ Ռուսաստանի իշխանությունները իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չեն հատկացրել իրեն՝ ընտանեկան բռնությունից պաշտպանվելու համար:

Սա ընտանեկան բռության գործով առաջին վճիռն է, որը կայացվել է ՄԻԵԴ-ի կողմից՝ Ռուսաստանի դեմ՝ հօգուտ Դիմումատուի:

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) և 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) խախտում: Ստրասբուրգի դատարանի որոշմանն արձագանքել են մի շարք լրատվամիջոցներ:

Դատարանը պարզել է, որ Ռուսաստանի իշխանությունները ոչ միայն երկարաձգել են 34-ամյա Վոլոդինայի գործով դատավարության ժամկետը, այլ նաև լուրջ չեն մոտեցել ընտանեկան բռնության վերաբերյալ Դիմումատուի ներկայացրած բողոքներին և սույն գործով հավուր պատշաճի քննություն չեն իրականացրել, քանի որ երկրում երբեք չեն ընդունել ընտանեկան բռնության խնդրի լրջությունն ու դրա հետևանքները, ինչպես նաև կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը։

ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ռուսաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 20․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 5,875.69 եվրո՝ դատական ծախսերի համար։ Դիմումատուի շահերը դատարանում ներկայացնող Վանեսսա Կոգանը պնդում է, որ կանայք օրենքով պաշտպանված չեն, քանի որ ռուսաստանի ներկայիս օրենսդրությունը չի նախատեսում ընտանեկան բռնության զոհերի պաշտպանություն, և պետության դիրքորոշումը խախտում է կանանց նկատմամբ խտրականության արգելումը։

Վ. Վոլոդինայի գործը

Սույն գործով Դիմումատուն՝ նախկինում հայտնի որպես Վալերիյա Վոլոդինա, ազգությամբ ռուս է, ծնվել է 1985 թվականին, բնակվում է Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում։ 2018 թվականին Դիմումատուն փոխել է իր անունը։ 2014 թվականին Դիմումատուն սկսել է հանդիպել ազգությամբ ադրբեջանցի 31-ամյա մի տղամարդու հետ։ 2015 թվականի գարնանը վերջինս սկսել է սպառնալ և ծեծի ենթարկել Դիմումատուին։ 2016 թվականի հունվարին Դիմումատուն դիմել է ոստիկանություն, սակայն, նրա ներկայացրած բողոքի հիման վրա գործ չի հարուցվել։ Այնուհետև, Դիմումատուն փախել է քաղաք Մոսկվա, սակայն նրա նախկին ընկերը գտել և վերադարձրել է նրան Ուլյանովսկ։ Նույն ամսում, հերթական անգամ ծեծի ենթարկվելու հետևանքով հղի Վոլոդինան հայտնվել է հիվանդանոցում և կորցրել է իր՝ դեռ չծնված երեխային, քանի որ ուժգին հարվածներ է ստացել փորի հատվածում։ Դիմումատուի մեքենայի վրա մի քանի անգամ հարձակում են գործել վերջինիս նախկին ընկերոջ կարգադրությամբ, գողացել են նրա պայուսակը և անձը հաստատող փաստաթղթերը։ Դիմումատուն նորից դիմել է ոստիկանությանը, առևանգման և ընտանեկան բռնության մասին բողոք է ներկայացրել, սակայն, այդպես էլ գործ չի հարուցվել։ Դիմումատուի նախկին ընկերը շարունակել է հետապնդել նրան, հաճախ հայտնվել է նրա աշխատավայրում և ամեն կերպ խանգարել Դիմումատուին շարունակել բնականոն կյանքը։

2016 թվականի կեսին Դիմումատուն նորից փախել է Մոսկվա։ Նույն ժամանակահատվածում, Դիմումատուի նախկին ընկերը կեղծ հաշիվ է ստեղծել սոցիալական կայքում, կապ է հաստատել Վոլոդինայի հարազատների և վերջինիս առաջին ամուսնության ընթացքում ծնված որդու դասընկերների հետ և կայքում տեղադրել է Վոլոդինայի ինտիմ լուսանկարները: Դիմումատուն նորից դիմել է ոստիկանությունը, և նրան հարցաքննել են։ Այնուհետև, հետաքննություն է սկսվել, և ոստիկանության աշխատակիցները կարգադրել են Դիմումատուի նախկին ընկերոջը վերադարձնել Վոլոդինայի անձնական փաստաթղթերը և փոխհատուցել մեքենային պատճառված վնասը։

Երեք տարի շարունակ Դիմումատուն դիմել է ոստիկանությանը և այլ համապատասխան մարմիններն, սակայն նրան իրավական օգնություն չեն հատկացրել, նրա ներկայացրած բողոքները վարույթ չեն ընդունվել, ինչի հետևանքով նա ընտանեկան բռնության զոհ է դարձել։