ՄԻԵԴ-ը Խոդորկովսկուն քաղբանտարկյալ չի ճանաչել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի դատավարությունը քաղաքական դրդապատճառ չունի: Միևնույն ժամանակ, ՄԻԵԴ-ը վճռել է, որ դատաքննության ընթացքում Ռուսաստանի իշխանությունները բազմիցս խախտել են դիմումատուների իրավունքները:

Մասնավորապես, ՄԻԵԴ-ի որոշման մեջ ասվում է, որ Ռուսաստանի իշխանությունները խախտել են դիմումատուների արդար դատաքննության իրավունքը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդված), անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը (8-րդ հոդված): Ստրասբուրգում որոշվել է նաև, որ դատավարության ընթացքում խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդվածը, որը երաշխավորում է, որ պատիժը կարող է սահմանվել միայն օրենքի այն դրույթների հիման վրա, որոնք արդեն գործում են օրինախախտության կատարման պահին:

Միևնույն ժամանակ, ՄԻԵԴ-ն իր որոշման մեջ նշել է, որ չի հայտնաբերվել Ռուսաստանի իշխանությունների գործողություններում անմեղության կանխավարկածի խախտում, ինչպես նաև չի գտնվել կողմնապահության որևէ նշան Ռուսաստանի դատական ատյանների գործողություններում: Ստրասբուրգը որոշել է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն խախտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածը (իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները), որի հիման վրա էլ դիմումատուները բողոքել են իրենց քրեական հետապնդման քաղաքական դրդապատճառների մասին:

Խոդորկովսկու և Լեբեդևի ներկայացրած բողոքի քննության արդյունքում ՄԻԵԴ-ը նրանց ֆինանսական փոխհատուցում չի հատկացրել՝ նշելով, որ այն փաստը, որ նրանց իրավունքների խախտումն արձանագրվել է, արդեն բավարար է:

Սույն բողոքը վերաբերում է այսպես կոչված «Յուկոս նավթային ընկերության գործով երկրորդ դեպքին», որը քննվել է Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանի դատարանում 2009-ից 2010 թվականներին: Այդ ժամանակ Միխայիլ Խոդորկովսկին և Պլատոն Լեբեդևը արդեն իսկ կրում էին առաջին գործով ութ տարի ժամկետով իրենց նշանակված պատիժը, որի շրջանակներում նրանք մեղավոր էին ճանաչվել խարդախության և հարկերի վճարումից խուսափելու համար:

Երկրորդ գործի շրջանակներում նրանք մեղադրվել են նավթի վաճառքից ստացված գումարի յուրացման և փողերի լվացման մեջ: Դիմումատուները պնդել են, որ այս երկու դեպքն էլ քաղաքական դրդապատճառներ ունի: Երկրորդ գործի քննության արդյունքում նրանց նշանակվել է 13 տարվա ազատազրկում, որը ներառում է նախորդ քրեական գործով նշանակված պատժի ժամկետը։ Այդպիսով, 13 տարվա ժամկետից կրճատվել է յոթ ու կես տարի:

2013 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաներում է շնորհել Խոդորկովսկուն և Լեբեդևին, և նրանք ազատվել են:

Գործի նկարագրությունը․

Առաջին անգամ ՄԻԵԴ բողոք են ներկայացրել 2004 թվականին «Յուկոսի» բաժնետերերը: Իրենց բողոքում բաժնետերերը խնդրել են ճանաչել Ռուսաստանի իշխանությունների գործողություններն անօրինական՝ հայտարարելով, որ իրենցից ապօրինի կերպով վերցրել են գույքը: Դիմումատուները պնդել են, որ խախտվել են Մարդու իրավունքների կոնվենցիայի դրույթները՝ կապված արդար դատաքննության իրավունքի և սեփականության պաշտպանության հետ: Դիմումատուները պահանջել են փոխհատուցել իրենց պատճառված վնասը՝ 98 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով:

ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այդ հոդվածները, սակայն չի գտել խտրականություն և քաղաքական դրդապատճառներ: «Յուկոս» -ի գործով ևս մեկ որոշում ՄԻԵԴ-ը հրապարակել է 2013 թվականին։ Դա վերաբերում էր առաջին դեպքին, երբ ամբաստանյալները Խոդորկովսկին և Լեբեդևն էին:

ՄԻԵԴ-ը հայտնաբերել է մի շարք խախտումներ` նվաստացուցիչ վերաբերմունք ամբաստանյալներին բանտախցում պահելու ժամանակ, նրանց հեռավոր Սիբիրյան գաղութ ուղարկելը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի խախտումներ: Մասնավորապես, ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել Խոդորկովսկուց հարկերը բռնագանձելու մասին որոշումը, որը չէր վճարվել «Յուկոս»-ի կողմից: Դատարանը նաև հայտնաբերել է, որ Ռուսաստանի իշխանությունները խոչընդոտել են Խոդորկովսկու և Լեբեդևի կողմից ՄԻԵԴ բողոք ներկայացնելուն և ճնշում գործադրել նրանց փաստաբանների վրա:

Արդյունքում, ՄԻԵԴ-ը որոշել է հատկացնել փոխհատուցում 10 հազար եվրոյի չափով՝ հօգուտ Խոդորկովսկու: Լեբեդևին մերժվել է փոխհատուցում տրամադրել: Վճարը կատարելուց հետո գումարն անմիջապես փոխանցվել է Ռուսաստանի բյուջե՝ կատարողական վարույթի շրջանակներում պարտքերը մարելու համար։

2014 թվականին ՄԻԵԴ-ն առանձին որոշում է կայացրել, այն է՝ ընկերության նախկին բաժնետերերին վճարել 1․86 միլիարդ եվրո փոխհատուցում: Սակայն 2017 թվականին Ռուսաստանի Սահմանադրական դատարանը թույլ է տվել երկրի կառավարությանը չվճարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ սահմանված 1.86 միլիարդ եվրոն «Յուկոս»-ի նախկին սեփականատերերին։ Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ Ստրասբուրգի դատարանի որոշումը հակասում է Ռուսաստանի Սահմանադրության նորմերին։ 

2015 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս երկրին չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները, եթե դրանք հակասում են ՌԴ Սահմանադրությանը: Դա առաջին դեպքն է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրած երկիրը որոշում է՝ միջազգային դատարանի որ վճիռը կատարել, որը՝ ոչ:

Իրավապաշտպանների կարծիքով՝ Պետդումայի կողմից նման օրինագիծ ընդունելու հիմնական առիթը Յուկոս ընկերության վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճռին է: Պաշտոնական Մոսկվան հերքում է, թե Խոդորկովսկու գործը խախտումներով է քննվել, և բազմիցս հայտարարել է, որ ՄԻԵԴ-ի սահմանած տուգանքը չափազանց մեծ է: