ՄԻԵԴ-ը բավարարել է պաշտոնյաների խարդախությունները բացահայտած Մագնիտսկու բողոքը նրա մահից 10 տարի անց

Դիմումատուն՝ Սերգեյ Մագնիտսկին, ծնվել է 1972 թվականին: Նա բողոք է ներկայացրել ՄԻԵԴ 2009 թվականին՝ իր մահից 4 ամիս առաջ։ Դիմումատուի մահից հետո՝ 2010 թվականին բողոք է ներկայացվել նրա կնոջ կողմից, իսկ 2012 թվականին՝ մոր կողմից։ Դիմումատուի կինը՝ Նատալյա Ժարիկովան, նույնպես ծնվել է 1972 թվականին։ Նա ամուսնու հետ բնակվել է Մոսկվայում, բայց վերջինիս մահից հետո տեղափոխվել է Լոնդոն։ Մագնիտսկիի մայրը՝ Նատալյա Մագնիտսկայան, ծնվել է 1952 թվականին, բնակվում է Մոսկվայում: Գործը վերաբերում է Մագնիտսկիի, նրա կնոջ և մոր ներկայացրած բողոքներին՝ Մագնիտսկիի կալանավորման և մահվան դեպքին։ Մասնավորապես՝ 3 Դիմումատուները բողոքել են Մագնիտսկիի կալանավորման անարդարացի որոշման, կալանավայրի վատ պայմանների և բժշկական խնամքի բացակայության, խոշտանգումների ենթարկելու, ինչպես նաև հարկերի վճարումից խուսափելու համար նրան հետմահու դատապարտելու որոշման մասին։

Համապատասխան ժամանակահատվածում Մագնիտսկին ղեկավարել է մոսկովյան «Firestone Duncan» կոչվող իրավաբանական և աուդիտորական ընկերության բաժիններից մեկը։ Նա մասնագիտությամբ իրավաբան էր և աշխատել է նաև որպես հարկային խորհրդատու։ Այդ ըկերությունը համագործակցել է «Hermitage Capital Management» ներդրումային հիմնադրամի և դրա ռուսաստանյան դուստր ձեռնարկությունների հետ, որոնցից մեկի գործադիր տնօրեն է հանդիսացել ԱՄՆ քաղաքացի Ուիլյամ Բրաուդերը: 2007 թվականին դատական ​​կարգադրությամբ թույլատրվել է «Hermitage Capital Management»-ի երեք դուստր ձեռնարկությունների սեփականության իրավունքի փոփոխություն կատարել։ Նոր սեփականատերերը հայց են ներկայացրել և ստացել են մոտ 5.4 միլիարդ ռուսական ռուբլի (մոտավորապես 145 միլիոն եվրո) վճարված հարկի գումարի վերադարձ: «Hermitage Capital Management»-ը ներգրավված չի եղել գործընթացում և այդ մասին տեղեկացել է միայն իրավաբանների նամակներից։ Այսպիսով, դուստր ձեռնարկությունների 3 փաստաբանները մեղադրանք են առաջադրել ՆԳՆ քննչական վարչության պաշտոնյաներին՝ խարդախության հիմքով: Ըստ նրանց, պաշտոնյաները հիմնադրամի մեկ այլ գործի հետաքննության ժամանակ յուրացրել են կնիքներ և այլ փաստաթղթեր, կատարել են դուստր ձեռնարկությունների կեղծ վերագրանցում։

«Hermitage Capital Management» հիմնադրամի մեղադրանքի հիման վրա 2008 թվականի փետրվարին գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել՝ երեք ընկերությունների գողության վերաբերյալ։ Նույն թվականի հունիսին Մագնիտսկին հարցաքննության ժամանակ պատմել է ընկերությունների սեփականատերերի փոփոխության, հարկի վճարված գումարի վերադարձի, ինչպես նաև տեղի ունեցած ենթադրյալ հանցագործության և քննչական վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին։ Նույն ժամանակահատվածում Մագնիտսկին հետաքննել է Ռուսաստանի բյուջեից փողերի գողության այլ դեպքեր:

Գործի հետաքննության ժամանակ պաշտոնյաները հայտարարել են, որ «Hermitage Capital Management»-ի ղեկավար Ուիլյամ Բրաուդերի խնդրանքով Մագնիտսկին հարկերի վճարումից խուսափելու հատուկ սխեմա է մշակել: Բրաուդերը Ռուսաստանում ամենախոշոր ներդրողներից մեկն է եղել: Հետագայում «Hermitage Capital Management»-ը վտարվել է ռուսական շուկայից: Բրաուդերի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել, իսկ հիմնադրամը ստիպված է եղել վաճառել իր ռուսաստանյան ակտիվները:

2008 թվականին Մագնիտսկին ձերբակալվել է՝ դավադրություն կազմակերպելու, հարկերի վճարումից խուսափելու և կաշառակերության մեղադրանքով: Նրան տեղափոխել են նախնական կալանավայր, իսկ որոշ ժամանակ հետո՝ կալանավայր, որտեղ էլ նա մահացել է 2009 թվականի նբոյեմբերի 16-ին: Մահից առաջ Մագնիտսկին բազմիցս բողոքել է առողջական վատ վիճակի մասին։ Կալանավայրի հիվանդանոցի վիրաբույժը նրա մոտ ախտորոշել է քրոնիկ խոլեցիստոպանկրեատիտ հիվանդությունը, նշանակել է դեղեր, խորհուրդ է տվել իրականացնել ուլտրաձայնային հետազոտություն և վիրահատություն:

Այնուամենայնիվ, Մագնիտսկին տեղափոխվել է մեկ այլ կալանավայր, որտեղ, մյուս Դիմումատուների պնդմամբ, չեն եղել անհրաժեշտ սարքավորումներ, դեղեր և Մագնիտսկիին համապատասխան բուժօգնություն չեն հատկացրել՝ անտեսելով նրա բազմաթիվ խնդրանքներն և սուր ցավերը։ Այնուհետև, Դիմումատուին տեղափոխել են «Մատրոսսկայա տիշինա» կոչվող կալանավայր, որտեղ ժամեր անց նրան հետազոտել են, իսկ հետո ձեռնաշղթաներ են հագցրել և ծեծի ենթարկել՝ իբրև նրա դրսևորած ագրեսիվ պահվածքի պատճառով։ Նույն օրը հատուկ հոգեբույժների և բժիշկների խումբ է հրավիրվել կալանավայր, բայց մինչև նրանց ժամանելը Մագնիտսկին մահացել է բանտում: Բանտի ղեկավարները հայտնել են, որ մահվան պատճառ է դարձել սրտային անբավարարությունը: Իշխանությունները հետաքննություն են իրականացրել, սակայն, Մագնիտսկու կալանավորման և բուժման համար պատասխանատու անձինք երբեք քրեական պատասխանատվության չեն ենթարկվել։ Հարկ է նշել, որ կալանավայրում Մագնիտսկիի մահվան օրվա բոլոր տեսանյութերը ոչնչացվել են: Հայտնի է միայն, որ Մագնիտսկուն գտել են բանտի հատակին ընկած՝ մարմնին թարմ վնասվածքներով, իսկ դեպքի վայր շտապօգնության բժիշկներին թույլ չեն տվել մուտք գործել 1 ժամ 18 րոպե: Իշխանությունները շարունակել են վերոհիշյալ գործով հետաքննությունը նաև նրա մահից հետո, և 2013 թվականի հուլիսին Մագնիտսկին հետմահու մեղավոր է ճանաչվել՝ հարկերի վճարումից խուսափելու համար։ Նույն թվականին Բրաուդերը հեռակա կարգով ՌԴ դատարանի կողմից դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, սակայն Ինտերպոլն այդ գործը քաղաքականապես մոտիվացված է համարում և հրաժարվում է գործարարին հանձնել Ռուսաստանին:

Դիմումատու Մագնիտսկին բողոքել է իրեն կալանավորելու որոշման արդարացիության մասին։ Նա մինչև վերջ պնդել է, որ բացահայտել է խարդախությունների սխեմա, որը թույլ է տվել ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներին Ռուսաստանի բյուջեից միջոցներ դուրս բերել արտասահման և այդ պատճառով դավադրության զոհ է դարձել։ Մագնիտսկին մինչև մահը շարունակել է պնդել, որ նման ձևով պաշտոնյաները գողացել են 5.4 մլրդ ռուբլի:

Նրա մահից հետո քննությունը շարունակել են մյուս 2 Դիմումատուները։ Նրանք դիմել են ՄԻԵԴ և բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) 1-ին և 3-րդ կետերի խախտում, 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում, 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում, 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) 1-ին և 2-րդ կետերի խախտում։ Դիմումատուները բողոքել են Մագնիտսկիի դեմ դավադրություն կազմակերպելու, նրան կալանավորելու, դատավարության ժամկետը երկարաձգելու, կալանավայրի վատ պայմանների, Մագնիտսկիին ապօրինի կերպով կալանավայրում պահելու և բազմիցս խոշտանգումների ենթարկելու, անհրաժեշտ բուժօգնությունից զրկելու, նրան հետմահու դատապարտելու, մահվան դեպքի առթիվ ապացույցները ոչնչացնելու, հավուր պատշաճի հետաքննություն չիրականացնելու և կոնվենցիայի դրույթներին հակասող այլ գործողություններ իրականացնելու մասին։ Դիմումատուները և Մագնիտսկիի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող փաստաբանները վստահ են, որ նրան սպանել են բանտում, և մահացած իրավաբանը զոհ է դարձել Մոսկվայի իշխանությունների հրամանով։ Գլխավոր դատախազությունը, իր հերթին, «միանգամայն հավանական» է համարում, որ Սերգեյ Մագնիտսկուն սպանել են Բրաուդերի հրամանով՝«որպես նրա մտերիմ հանցակից»:

Մագնիտսկու մահվան դեպքից 10 տարի անց, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի են ունեցել վերոգրյալ հոդվածների (2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածներ) խախտումներ, և Ռուսաստանը պարտավոր է Մագնիտսկիի կնոջը և մորը վճարել 34․000 եվրո գումարի չափով փոխհատուցում։ Այսպիսով, Սերգեյը, նրա մայրը, կինը և փաստաբանները տարիներ շարունակ փորձել են հասնել արդարության վերականգնման, այնուամենայնիվ, այս պատմության մեղավորները պատասխանատվության այդպես էլ չեն ենթարկվել:

Շատերի համար Մագնիտսկիի անունը առնչվում է պատժամիջոցների հետ, որոնք պետությունները կարող են կիրառել այլ երկրներում մարդու իրավունքների կոպիտ խախտումներում ներգրավված անձանց վրա: ԱՄՆ իշխանությունները հրապարակել են «Մագնիտսկիի ցուցակի մասին» օրենքը, որն արգելում է մուտքը ԱՄՆ-ի տարածք Սերգեյ Մագնիտսկիի մահվան հետ առնչություն ունեցող Ռուսաստանի պաշտոնյաներին, ինչպես նաև սառեցնում ԱՄՆ-ում առկա նրանց ակտիվները: Այսպիսով, «Մագնիտսկիի օրենքը» կրում է իրավաբան Սերգեյ Մագնիտսկիի անունը, ով Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների խարդախությունները բացահայտելուց հետո բանտարկվել և մահացել է՝ բազմիցս ծեծի ենթարկվելու և բժշկական օգնություն չստանալուց հետևանքով: