«Մեծ յոթնակը» կոչ է արել բարեփոխել Առևտրի համաշխարհային կազմակերպությունը

«Մեծ յոթնակ» G7 ձևաչափին մասնակցող երկրները հանդես են եկել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխման նախաձեռնությամբ։ Այս մասին հաղորդվում է գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունում: Հայտարարությունում լուսաբանվում են նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Իրանը, Լիբիան, Ուկրաինան և Հոնկոնգը։ Փաստաթղթում նշվում է, որ յոթ մասնակից երկիր կողմնակից է բաց և արդար առևտրին, ինչպես նաև համաշխարհային տնտեսության կայունությանը: Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է բարեփոխել ԱՀԿ-ն, բարելավել մտավոր սեփականության պաշտպանության ոլորտը և կարգավորել գույքային հարցերի շուրջ վեճերի լուծումը: Բացի այդ, նախատեսվում է բարելավել միջազգային հարկային համակարգը։

G7 գագաթնաժողովը տեղի է ունեցել սույն թվականի օգոստոսի 24-ից 26-ը՝ Ֆրանսիայի Բիարից քաղաքում: Բանակցություններին մասնակցել են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Կանադայի, Իտալիայի, Ճապոնիայի առաջնորդները, ինչպես նաև Եվրամիության ներկայացուցիչներ: Բանակցությունները սկսվել են աշխատանքային ընթրիքով, որի ժամանակ քննարկվել են առավել գլոբալ խնդիրները, իսկ հետո սկսվել է լիաֆորմատ աշխատանքը: