ՄԱԿ-ը նախազգուշացրել է կարանտինի պատճառով ընտանեկան բռնության դեպքերի աճի մասին

Young woman is sitting hunched at a table at home, the focus is on a man's fist in the foregound of the image

 Կանանց նկատմամբ բռնության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչը հայտարարել է, որ տարբեր երկրներում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակող միջոցները հանգեցրել են ընտանեկան բռնության դեպքերի թվի աճի: Այդ մասին տեղեկատվությունը հաստատվել է նաև տարբեր երկրներում ոստիկանության և թեժ գծի հայտնած զեկույցներով: 

«Մեծ թվով կանանց և երեխաների համար տունը կարող է վախի և բռնության վայր հանդիսանալ»,-ասել է հատուկ զեկուցողը՝ հավելելով, որ այս իրավիճակը զգալիորեն սրվում է կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեկուսացման կամ կարանտինի ընթացքում: Սիմոնովիչը կոչ է արել տարբեր երկրների իշխանություններին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ զոհերին օգնելու համար:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ կարանտինի ընթացքում երկրում 30%-ով աճել է ընտանեկան բռնության դեպքերի թիվը: Միայն Փարիզում այդ ցուցանիշն աճել է 36% -ով: Իսպանիայում հայտարարված կարանտինի ժամանակահատվածում նույնպես կտրուկ աճել է գենդերային բռնության զոհերի համար նախատեսված թեժ գծին ուղղված ահազանգերի քանակը։ Կարանտինի առաջին երկու շաբաթվա ընթացքում ստացված ահազանգերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.4% -ով: Ընտանեկան բռնության դեպքերը Չինաստանում նույնպես կտրուկ աճել են: Նման իրավիճակ է տիրում նաև Ռուսաստանում, Գերմանիայում և այլ երկրներում։