ՄԱԿ-ը բանաձև է ընդունել COVID-19 համավարակի դեմ պայքարի մասին

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը միաձայն  ընդունել է բանաձև, որում նշվում է կորոնավիրուսի համավարակի «աննախադեպ հետևանքները»։ Բանաձևը կոչ է անում մեծացնել միջազգային համագործակցությունը նոր տեսակի կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում։

Սա ՄԱԿ-ի ընդունած առաջին բանաձևն է համավարակի դեմ պայքարի մասին, որն ընդգրկել է ամբողջ աշխարհն ու գլոբալ մտահոգություն է առաջացրել՝ կապված մահվան և հիվանդության դեպքերի արագ աճող թվի հետ:

ՄԱԿ ԳՎ-ն հավանություն չի տվել Ռուսաստանի ներկայացրած բանաձևին, որը կոչ էր անում պայքարել նոր վիրուսի ստեղծած մարտահրավերների դեմ և վերջ տալ առևտրային պատերազմներին ու միակողմանի պատժամիջոցներին՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատման: Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ուկրաինան հանդես են եկել ռուսական նախագծի դեմ, որի համահեղինակներն էին Կենտրոնաաֆրիկական Հանրապետությունը, Կուբան, Նիկարագուան և Վենեսուելան:

Ընդունված բանաձևում, որի հեղինակներն են Գանան, Ինդոնեզիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան, Սինգապուրը և Շվեյցարիան, հաստատվում է «Գլխավոր վեհաժողովի հանձնառությունը միջազգային համագործակցությանն ու բազմակողմությանը և վճռական աջակցությանը ՄԱԿ համակարգի կենտրոնական դերին COVID-19 համավարակին գլոբալ արձագանքելու գործում»:

Այն կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրշին գլխավորել համընդհանուր համաճարակի դեմ պայքարին ուղղված գործողությունների մոբիլիզացիան և համակարգումը։

Բանաձևում ընդունվում է, որ COVID-19-ը «ծանր վնաս է հասցնում հասարակություններին և տնտեսություններին, ինչպես նաև գլոբալ ճամփորդություններին և առևտրին, կործանարար ազդեցություն է ունենում մարդկանց գոյատևման միջոցների վրա», և ընդգծվում է, որ «ամենաաղքատ ու առավել խոցելի անձինք ամենից շատ են տուժում»: Բանաձևում նաև ընդգծվում է մարդու իրավունքները հարգելու և «ի պատասխան համավարակին խտրականության, ռասիզմի և այլատյացության ցանկացած դերսևորմանը» հակազդելու անհրաժեշտությունը: