Հայաստանի հետ երիտասարդական ծրագրերով համագործակցող ադրբեջանցի իրավապաշտպաններն ընդդեմ Ադրբեջանի

Գործը վերաբերում է ազգությամբ ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսովային և նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսովին: Այժմ նրանք բնակվում են Հոլանդիայում: Դիմումատուները բողոքել են Ադրբեջանում իրենց ձերբակալման և դատապարտման մասին՝ պնդելով, որ իրենց դեմ ձեռնարկված միջոցները կիրառվել են կառավարությանը քննադատելու համար վրեժ լուծելու նպատակով։ 

Համապատասխան ժամանակահատվածում առաջին Դիմումատուն՝ Լեյլա Յունուսովան, «Խաղաղության և ժողովրդավարության ասոցիացիա» հասարակական կազմակերպության տնօրեն է հանդիսացել, իսկ երկրորդ Դիմումատուն՝ նրա ամուսինը՝ կազմակերպության փոխտնօրեն: 2002 թվականից նրանք ներգրավված են եղել հայ գործընկերների հետ համատեղ ծրագրերում՝ ուղղված քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսության խթանմանը: Դիմումատուները հայտնի են Ադրբեջանի կառավարության հասցեին ուղղված կոշտ քննադատությամբ, երկրում քաղբանտարկյալների խնդիրների և հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ հոդվածների հրապարակմամբ։ 

2005 թվականին Յունուսովան համատեղ ծրագիր է սկսել Հայաստանում գործող «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հետ: Ծրագրի նպատակն էր ուշադրություն հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հաշտեցմանը: 2012 թ.-ին hիմնադրամը և Դիմումատուների կենտրոնը գործարկել են հայ-ադրբեջանական ոչ պաշտոնական առաջին կայքը՝ publicdialogues.info, որը նախատեսված էր հայ և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների միջև ուղիղ երկխոսության հարթակի ստեղծման համար։ 

2014 թ. գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրգադիրովի դեմ՝ Հայաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու համար: Նրան ձերբակալել և մեղադրանք են առաջադրել պետական դավաճանության համար: Քրեական գործին որպես վկա ներգրավվել են նաև Յունուսովան և Յունուսովը, և դատախազությունը ծանուցել է նրանց հարցաքննության ենթարկելու մասին։ 

2014 թվականի ապրիլի 28-ին Դիմումատուները պատրաստվել են լքել երկիրը։ Սակայն օդանավակայանում նրանց մոտեցել են ոստիկանները և արգելել են հեռանալ։ Դիմումատուներին տեղում ձերբակալել են, ստուգել են նրանց ուղեբեռը, բռնագրավել են նրանց անձնագրերը, նոութբուքը, USB կրիչները, այնուհետև նստեցրել են մեքենա և առանց տեղեկացնելու ուղեկցել են բնակարան՝ հարցաքննության ենթարկելու համար։ 

Առաջին Դիմումատուին թույլատրվել է հեռանալ կեսգիշերին՝ իր բնակարանում և կազմակերպության գրասենյակում կատարված խուզարկությունից հետո։ Դիմումատուի ամուսինն այդ ժամանակահատվածում տեղափոխվել է հիվանդանոց՝ հիպերտոնիայի պատճառով: Հետագայում Դիմումատուները բողոքել են նաև այդ դեպքի մասին։ Նրանք բողոքել են օդանավակայանում իրենց ուղեբեռի և պայուսակների ստուգման անօրինականության, անձնագրերի բռնագրավման, իրենց բնակարանի և կազմակերպության գրասենյակի խուզարկությունների և իրենց ձերբակալման մասին:

Դիմումատուները նաև բողոքել են, որ օդանավակայանից մինչև բնակարան ուղեկցելու ճանապարհին ոստիկանության աշխատակիցները վատ արտահայտություններ են արել իրենց հասցեին և սպառնացել են բռնության ենթարկել։ Բացի այդ, ոստիկաններից մեկը պնդել է ներկա գտնվել, երբ Յունուսովան խնդրել է խուզարկության ժամանակ մի քանի րոպեով առանձնանալ անձնական կարիքները հոգալու համար և նվաստացուցիչ կերպով է վարվել նրա հետ։ Դիմումատուները բողոքել են իրենց բանկային հաշիվները  սառեցնելու իշխանությունների որոշման մասին, սակայն, նրանց բողոքը մերժվել է։ 

Այնուհետև, Դիմումատուները ձերբակալվել և տեղափոխվել են նախնական կալանքի տակ՝ պետական դավաճանության, ինչպես նաև այլ մեղադրանքներով՝ կապված ենթադրյալ ֆինանսական խախտումների հետ, ինչպիսիք են՝ ապօրինի բիզնեսը և խոշոր հարկերի վճարումից խուսափելը։ 2014 թվականին դատախազությունը քրեական գործ է հարուցել Դիմումատուների դեմ՝ ծրագրերի շրջանակներում հայ գործընկերների հետ համագործակցելու և պետական դավաճանության համար։ Դատախազությունը պնդել է, որ Դիմումատուներն օգտագործել են նախագծերը հայաստանյան գաղտնի ծառայությունների հետ համագործակցելու համար և այլ ՀԿ-ներով ստացած դրամաշնորհների գումարներն ապօրինի իրացնելու համար։ Դիմումատուները բողոքել են դատախազության որոշման դեմ՝ պնդելով, որ հայաստանյան կազմակերպությունների հետ համագործակցել են քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսության խթանմանն ուղղված ծրագրերի շրջանակներում։ Նրանք նաև բողոքել են իրենց նախնական կալանքի տակ պահելու մասին և պնդել են, որ բացակայում են իրենց առաջադրված մեղադրանքները հաստատող ապացույցները։ Այնուամենայնիվ, Դիմումատուների ներկայացրած բոլոր բողոքները դատական ատյաններին մերժվել են։ 2015 թվականին Դիմումատուները մեղավոր են ճանաչվել, նրանցից մեկը դատապարտվել է ութ ու կես, իսկ մյուսը՝ յոթ տարվա ազատազրկման։ Հետագայում, Յունուսովայի պատժի ժամկետը նվազել է, իսկ Յունուսովն ազատ է արձակվել՝ առողջական խնդիրների պատճառով։ 

2016 թվականի ապրիլին Դիմումատուները Ադրբեջանից մեկնել են Հոլանդիա և քաղաքական ապաստան են ստացել։ 

Դիմումատուների ձերբակալությունից առաջ և դրանից հետո բազմաթիվ հոդվածներ են հրապարակվել նրանց և կենտրոնի մասին։ Այդ հոդվածներում Դիմումատուները ներկայացվել են որպես «լրտեսներ» և «դավաճաններ»: 

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) 1-ին և 4-րդ կետերը՝ Դիմումատուները բողոքել են իրենց ապօրինի ազատազրկման և արդար դատաքննության բացակայության մասին։ Նրանք պնդել են, որ քրեական հետաքննության շրջանակներում իրենց ձերբակալումը և ազատազրկումը հիմնված չի եղել ոչ արդարացի կասկածանքների, ոչ օրինական հիմքերի և ոչ էլ ապացույցների վրա։ 

Հիմք ընդունելով կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետը (անմեղության կանխավարկած), Դիմումատուները բողոքել են, որ իրավապահ մարմինների կողմից արված մամուլի հայտարարությունները հաստատել են կատարված հանցագործությունները և կասկածի տեղ չեն թողել, ինչն էլ հակասում է կոնվենցիային, քանի որ նրանց մեղավորությունն ապացուցված չի եղել։ Դիմումատուները բողոքել են կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և թիվ 4 Արձանագրության 2-րդ հոդվածի (տեղաշարժի ազատություն) խախտումների մասին՝ օդանավակայանում իրենց ուղեբեռը զննելու, բնակարանը և գրասենյակը խուզարկելու, փաստաթղթերը և անձնագրերը բռնագրավելու և երկրի տարածքը լքել արգելելու մասով։ Նրանք բողոքել են նաև թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտման մասին՝ իրենց բանկային հաշիվների սառեցման մասով։

Յունուսովան և Յունուսովը բողոքել են 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտման մասին, քանի որ նրանք չեն ունեցել արդյունավետ միջոցներ՝ իրենց անձնագրերի բռնագրավումը, տեղաշարժի ազատության սահմանափակումը և բանկային հաշիվների սառեցումը բողոքարկելու համար: Ի վերջո, նրանք պնդել են 18-րդ հոդվածի (իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները) խախտման մասին, քանի որր ձերբակալությունն ու նախնական կալանքի տակ պահելը իրենց՝ որպես մարդու իրավունքների պաշտպաններ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ պատժելու, լռեցնելու և վրեժ լուծելու համար է կատարվել։

Դիմումատուները պնդել են նաև, որ ոտնահարվել են 34-րդ հոդվածով (անհատական գանգատները) նախատեսված իրավունքները, քանի որ բանտում գտնվելու ընթացքում նրանց թույլ չեն տվել հանդիպել փաստաբանի հետ։

Սույն գործով իր դիրքորոշման մեջ ՄԻԵԴ-ը նշել է, որ հաստատվել է Դիմումատուների և Հայաստանի գործընկերների միջև կապը՝ տարբեր ծրագրերի շրջանակներում։ Դիմումատուները հայտնի են կառավարության հանդեպ սուր քննադատություններով, սակայն նրանց գործունեության ընթացքում որևէ լուրջ խախտում, առավել ևս նման լուրջ հանցագործությունների կատարում չի հայտնաբերվել։ Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ, որը կարող է ապացուցել, որ Դիմումատուները կատարել են այն հանցագործությունները, որոնց համար մեղադրվել են։ Դատարանը նաև եզրակացրել է, որ չի ապացուցվել նաև այն, որ գործի քննության ընթացքում Դիմումատուները զրկվել են ազատությունից՝ պետական դավաճանության հանցագործության «ողջամիտ կասկածանքի» հիմքով: ՄԻԵԴ-ը նշել է, որ չպետք է անտեսվի ՀԿ-ների գործունեության և ֆինանսավորման վերաբերյալ նման սահմանափակող և խիստ վերաբերմունքը, քանի որ դա կարող է հանգեցնել նման իրավիճակի՝ հասարակական կազմակերպությունների ակտիվիստների քրեական հետապնդմանը և պետության կողմից ճնշմանը։ Բացի վերը նշվածից, ՄԻԵԴ-ը իր դիրքորոշման մեջ անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից մի շարք այլ ընթացակարգային խախտումներին, ինչպիսիք են՝ Դիմումատուների անձնական իրերի բռնագրավումը, բնակարանում հարցաքննությունը, տեղաշարժի ազատության սահմանափակումը, ոստիկանության կողմից վատ և նվաստացուցիչ վերաբերմունքը, օրինական հիմքերի բացակայության պայմաններում ձերբակալումը, նախնական կալանքի տակ պահելը, առանց մեղավորության ապացուցման հոդվածների հրապարակումը և այլ խախտումներ, որոնք հանգեցրել են կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտումներին։ Ադրբեջանի կողմից թույլ տված խախտումների պատճառով Դիմումատուները բարոյական հսկայական վնաս են կրել, ինչի պատճառով նրանք լքել են երկիրը և ապաստան են գտել այլ երկրում։  

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները թելադրված են եղել ոչ օրինական հիմքերով, իսկ Դիմումատուների նկատմամբ կիրառված միջոցների իրական նպատակը նրանց լռեցնելն ու պատժելն է եղել՝ իրենց ՀԿ-ի գործունեության համար: 

ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետևյալ հոդվածների խախտումներ՝

  1. 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում
  2. 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում
  3. 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում
  4. 8-րդ հոդվածի խախտում
  5. թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում
  6. 13-րդ հոդվածի խախտում
  7. թիվ 4 Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում
  8. 18-րդ հոդվածի խախտում
  9. 34-րդ հոդվածի խախտում

Դատարանը վճռել է, որ Ադրբեջանը պետք է յուրաքանչյուր Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) և նյութական վնասի փոխհատուցման համար վճարի 20․000 եվրո և նրանց միասին վճարի 11․438 եվրո՝ դատական ծախսերի համար։