Խադիջա Իսմայիլովան ընդդեմ Ադրբեջանի

Դիմումատուն՝ Խադիջա Իսմայիլովան, ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1976 թվականին և բնակվում է Բաքվում: Դիմումատուն հայտնի հետաքննող լրագրող է, աշխատել է «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայությունում։ Նա հայտնի է Ադրբեջանի իշխանությունների հանդեպ խիստ քննադատությամբ և հետաքննություններ է անցկացրել երկրում կոռուպցիոն գործընթացների վերաբերյալ, որոնք հովանավորվում են ամենաբարձր մակարդակով: Բացի այդ, նա աշխատել է որպես կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման ծրագրի տարածաշրջանային համակարգող և լրագրողական գործունեության համար ստացել է մի շարք միջազգային մրցանակներ: Սա երրորդ դեպքն է, որ Դիմումատուն բողոք է ներկայացրել ՄԻԵԴ՝ լրագրողի գործունեության պատճառով իրեն ահաբեկելու վերաբերյալ։

2012 թվականին համացանցում տեսանյութ է տարածվել, որը գաղտնի նկարահանվել է Իսմայիլովայի ննջասենյակում թաքնված տեսախցիկի միջոցով և պարունակել է Իսմայիլովայի և նրա զուգընկերոջ սեռական բովանդակության տեսարանները: Այդ ժամանակահատվածում Իսմայիլովային քննադատող հոդվածներ են տպագրվել տարբեր թերթերում: Նույն բնույթի մեկ այլ տեսահոլովակ է տեղադրվել համացանցում նաև 2013 թվականին:

2012 թվականին իշխանամետ դիրքորոշում ունեցող «Səs» թերթը հրապարակել է հոդված, որում տարբեր խայտառակ մեկնաբանություններ են արվել ընդդիմություն հանդիսացող լրագրողների և քաղաքական գործիչների վերաբերյալ: Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև Իսմայիլովային, և նրան վիրավորական, սեռական բնույթի խոսքեր են ուղղվել (էժանագին լրագրող, «Pornstar Cicciolina» և այլն): 

Իսմայիլովան բողոք է ներկայացրել դատարան այդ թերթի դեմ՝ պնդելով, որ հոդվածի բովանդակությունը վիրավորական է իր համար, այն արատավորել է իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, խախտել է անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը և խոսքի ազատության իրավունքը: Իսմայիլովան նաև նշել է, որ լրագրողի գործունեության պատճառով պարբերաբար շանտաժի է ենթարկվում և գաղտնի արված տեսագրության պատճառով սպառնալիքներով անանուն նամակներ է ստանում։ 2013 թվականին Սաբայիլի շրջանի դատարանը մերժել է նրա հայցը։ Դիմումատուն բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն բողոքը մերժվել է: 

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)՝ Դիմումատուն բողոքել է, որ ներպետական դատական ատյանները մերժել են իր բողոքները և պատժի չեն ենթարկել թերթին՝ իր անձնական կյանքի մասին տեղեկություններ հրապարակելու և վիրավորական հոդված տպագրելու համար։ 

Դիմումատուն պնդել է, որ «արևելյան մտածելակերպ» ունեցող երկրում կնոջ նկատմամբ նման վիրավորանքը և զրպարտությունը խայտառակություն է համարվում և կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Նա նաև նշել է, որ տեսանյութերի տարածումը և հոդվածի հրապարակումը չի վերաբերել իր՝ որպես հասարակական անձի գործունեությանը, այլ վերաբերել է իր անձնական կյանքին և հանգեցրել իր իրավունքների խախտմանը։ 

Կառավարությունը պնդել է, որ հոդվածն արտացոլել է հեղինակի տեսակետը, իսկ օգտագործված նյութերն արդեն հրապարակված և հասանելի են եղել: Ներքին դատավարության ընթացքում հեղինակը նաև բացատրել է, որ, իր կարծիքով, Դիմումատուի պահվածքը հակասել է ազգային բարոյական չափանիշներին և վատ օրինակ է հանդիսացել երիտասարդ սերնդի համար, այդ պատճառով էլ քննադատվել է։ Ի հավելումն, նշվել է, որ Դիմումատուն հասարակական գործիչ է, և զարմանալի չէ, որ լրատվամիջոցները բազմիցս մեկնաբանել են նրան վերաբերող փաստերը:

ՄԻԵԴ-ը նշել է, որ նույնիսկ եթե անձը հայտնի է հանրությանը, նա կարող է ապավինել իր անձնական կյանքի պաշտպանությանը և հարգանքին։ Այն փաստը, որ անհատը պատկանում է հասարակական գործիչների շարքին, որևէ կերպ չի կարող օրինականացնել կամ արդարացնել միջամտությունը նրա անձնական կյանքին, հատկապես, եթե դա տեղի է ունենում առանց նրա իմացության և նրա կամքին դեմ: Դատարանը  պարզել է, որ սույն գործում համարժեք հավասարակշռություն չի պահպանվել Դիմումատուի Կոնվենցիայով սահմանված իրավունքների և թերթի խոսքի ազատության միջև։ 

Վերոհիշյալ նկատառումները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ պատասխանող պետությունը չի կատարել իր պարտավորությունները՝ Դիմումատուի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի պաշտպանության համար: Այսպիսով, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ Դատարանը վճռել է, որ Ադրբեջանը պետք է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համար վճարի 4․500 եվրո և 1․500 եվրո՝ դատական ծախսերի համար։

Նշենք, որ Իսմայիլովայի ներկայացրած բողոքների վերաբերյալ ՄԻԵԴ-ի առաջին վճիռը հրապարկվել է 2019 թվականի հունվարի 10-ին։ Դատարանն անօրինական էր ճանաչել լրագրողի անձնական կյանքին միջամտելը, քանի որ նրա բնակարանում գաղտնի տեսանկարահանում էր իրականացվել, և տեսանյութերը տարածվել էին համացանցում: ՄԻԵԴ-ը վճռել էր, որ Ադրբեջանը պետք է վճարեր Դիմումատուին 16․750 եվրո փոխհատուցում:

2014 թվականին Իսմայիլովան ձերբակալվել և կալանավորվել էր՝ նախկին գործընկերոջը ինքնասպանության դրդելու, հարկերի վճարումից խուսափելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներով և դատապարտվել էր 7.5 տարվա ազատազրկման։ Իսմայիլովան երկրորդ անգամ դիմել էր եվրոպական դատարան՝ բողոքելով իրեն անօրինական ձերբակալելու մասին։ Հետագայում, լրագրողի նկատմամբ պատիժը փոխարինվել էր, և պայմանական 3.5 տարվա ազատազրկում էր նշանակվել: 2020 թվականի փետրվարի 27-ի վճռով ՄԻԵԴ-ը արձանագրել էր, որ խախտվել են Իսմայլիովայի ազատության, անձնական անձեռնմխելիության, արդար դատական քննության և ազատ արտահայտվելու իրավունքները, ինչի հետևանքով լրագրողին որպես փոխհատուցում պետք է վճարվեր 25․000 եվրո: