Իրանը Թրամփի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան՝ Սոլեյմանիի սպանության համար

Իրանը մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկացի զինվորականների դեմ հայց ներկայացնել Միջազգային դատարան՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Այս մասին հայտարարել է Իրանի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմայիլին:

«Որեւէ կասկած չկա, որ ամերիկացի զինվորականներն ահաբեկչական գործողություն են իրականացրել՝ սպանելով Սոլեյմանիին և Իրաքի ժողովրդական մոբիլիզացման ստորաբաժանումների հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսին, և Թրամփը խոստովանել է, որ նման հանցանք է կատարել»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ նախ Իրանը գործ կհարուցի այդ դեպքի առթիվ Իրանում, ապա Իրաքում, որից հետո հայց կներկայացնի Հաագայի դատարան:

Հիշեցնենք, որ Բաղդադի օդանավակայանի մոտակայքում ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետևանքով սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Նրա սպանության հրամանն արձակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: