Եվրոպական տերությունները կոչ են անում Իրանին հետևել 2015-ի միջուկային պայմանագրին

Եվրոպական տերությունները կոչ են անում Իրանին ձեռնպահ մնալ 2015 թվականի միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորություններին հակասող ցանկացած գործողությունից։ Այս կոչը հաջորդել է Իրանի կողմից նախազգուշացմանը, որ Թեհրանը պատրաստվում է չեղարկել ցենտրիֆուգների զարգացման բոլոր սահմանափակումները՝ արագացնելու համար ուրանի հարստացումը:

Սեպտեմբերին լրանում է վերջնաժամկետը, որ Իրանը տվել էր եվրոպական տերություններին՝ փրկելու համար համաձայնագիրը, ինչից հետո ակնկալվում է, որ Թեհրանը կհայտարարի, թե ինչ գործողություններ է ձեռնարկելու։

Օրեր առաջ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Իրանը «պետք է զերծ մնա որևէ կոնկրետ գործողությունից, որը չի համապատասխանում իր ստանձնած պարտավորություններին և կարող է խանգարել լարվածության թուլացման ջանքերին»:

Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը Իրանի կողմից միջուկային ոլորտում հետազոտությունների և զարգացման ծրագրերի սահմանափակումների կասեցումը շատ մտահոգիչ է անվանել։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին Թեհրանը մասնակիորեն դադարեցրել է միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Մասնավորապես, Թեհրանը երկու ամսով երկրի ներսում կպահի հարստացված ուրանն ու ծանր ջուրը, որն ըստ համաձայնագրի պահանջների պարտավոր է արտահանել:

Ընդունված որոշման մասին Իրանը տեղեկացրել է միջուկային համաձայնագիրը ստորագրած երկրներին՝ Ռուսաստանին, Բրիտանիային, Չինաստանին, Ֆրանսիային, Գերմանիային ու Եվրամիությանը: Թեհրանը համաձայնագիրը ստորագրած երկրներին ժամանակ էր տվել, որպեսզի նրանք Իրանի հանդեպ սահմանված ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու ճանապարհներ գտնեն:

Հիշեցնենք՝ 2018 թվականին ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի և աշխարհի հզոր երկրների միջև 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին, իսկ ներկայում շարունակում է ընդլայնել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներ։