«Օրենքի փոփոխությունը նպաստելու է անհավասարության խորացմանն ու աշխատելու է խոշոր բիզնեսի օգտին»․ Գոհար Գևորգյան

«ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերավերյալ Legalinfo.am-ը զրուցել է
«Ի Էլ Էլ գործընկերություն» իրավաբանական ընկերության գլխավոր տնօրեն Գոհար Գևորգյանի հետ։

-Նախ ուզում եմ շնորհավորել Ձեզ «Ի Էլ Էլ գործընկերություն» իրավաբանական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել մասնագիտական նոր ձեռքբերումներ Ձեր աշխատանքում։

-Շնորհակալ եմ։ Իրավաբանական գրասենյակի ղեկավարումը ոչ միայն մասնագիտական հաջողություն է, այլև մեծ պատասխանատվություն։ Ինձ պարտավորված եմ զգում գործել այնպես, որպեսզի կարողանամ առնվազն մեկ աստիճանով ավելի բարձրացնել Հայաստանում իրավաբանական ծառայությունների մատուցման մշակույթն ու օտարերկրյա ներդրողների համար մեր ծառայությունները դարձնել գրավիչ։

-ՀՀ ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվում։ Ծանո՞թ եք այս նախագծին:

-Այո, կարծում եմ` մասնագիտական համայնքի բոլոր ներկայացուցիչներն են հասցրել ծանոթանալ այս նախագծին ու պատկերացնել այն բացասական հետևանքները, որոնք կարող են առաջանալ վերջինիս ընդունման հետևանքով։

-Ի՞նչ բացասական հետևանքներ կարող են առաջանալ։ Մանրամասնեք, խնդրեմ։

-Շրջանառված խմբագրությամբ նախագծի ընդունման դեպքում իրավաբանական, հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ մատուցող հարկատուները այլևս չեն կարողանա օգտվել պարզեցված հարկման ռեժիմից՝ շրջանառության հարկով հարկվելու իրավունքից։ Նշված փոփոխությունը ուղղակիորեն կարող է հարվածել փոքր և միջին բիզնեսին, քաղաքացիների գրպանին, կհանգեցնի արդարադատության մատչելիության կարևորագույն իրավունքի ոտնահարմանը, փաստաբանների մասնագիտական անկախության վտանգմանն ու, չեմ բացառում, անվճար փաստաբանական ծառայությունների տրամադրման մասով պետական բյուջեից հատկացվող միջոցների աճին։

Բացի այդ, նախագիծը սահմանափակում է նախատեսում խորհրդատվական ծառայությունների համար, ինչը կարող է տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տալ։ Այս պահին իրավական ակտերի պաշտոնական տեղեկագրում «խորհրդատվական ծառայություններ» ինքնուրույն եզրույթ չկա, ուստի մի փոքր անհասկանալի է, թե նախագծի հեղինեկները ծառայությունների ինչ շրջանակ են պատկերացնում վերջինիս ներքո։

-Անդրադառնանք բիզնեսին։ Ինչո՞վ  է օրենքի նախագիծը սպառնում փոքր և միջին բիզնեսին։

-Հաշվապահական, իրավաբանական, այդ թվում փաստաբանական ծառայությունները, բիզնեսի զարգացման հարցում ունեն օժանդակ նշանակություն, առանց որի հնարավոր չէ իրականացնել գրագետ ու ռիսկերից հնարավորինս ապահովագրված գործունեություն։ Երբ իրավաբանական և հաշվապահական ծառայությունները 5 տոկոս շրջանառության հարկի ռեժիմից անցում են կատարում 20 տոկոս ավելացված արժեքի հարկի ռեժիմի, ինչը ենթադրում է նաև անցում շահութահարկով հարկման սկզբունքի, վերջիններս ստիպված են լինելու լավագույն դեպքում 20 տոկոսով բարձրացնել իրենց ծառայությունների արժեքը։ Ստացվում է, իրավաբանական և հաշվապահական ծառայություններից օգտվող փոքր և միջին բիզնեսը շղթայական թանկացման սկզբունքով կրելու է հարկային փոփոխությունների ամբողջ բեռը։ Նշվածը չի սպառնում խոշոր բիզնեսին, քանի որ վերջինս, գործելով ԱԱՀ դաշտում, հաշվանցի իրականացման հնարավորություն ունենալու համար ընտրում է մեծ շրջանառություն ապահովող և ԱԱՀ-ի դաշտում գործող իրավաբանական և հաշվապահական ընկերություններ։ Արդյունքում, առաջին հայացքից հավասարեցման ապահովմանն ուղղված (ըստ պաշտոնական աղբյուրների) փոփոխությունը նպաստելու է անհավասարության խորացմանն ու աշխատելու է խոշոր բիզնեսի օգտին։

-Փատորեն, նույն սկզբուքով այն հարված է նաև  քաղաքացիների գրպանի՞ն։

-Այո։ Փաստաբանական ծառայությունների առանձնահատկությունը հենց սոցիալական բոլոր շերտերին ու տնտեսության բոլոր բնագավառներին ծառայությունների մատուցումն է։ Ուստի սոցիալական ստվար զանգվածի համար իրավաբանական, այդ թվում փաստաբանական ծառայությունների ֆինանսապես ոչ հասանելի դառնալը կարող է  շատ ավելի խորքային խնդիրներ առաջացնել, քան երևում է առաջին հայացքից։

Այդ խնդիրներից առաջինը արդարադատության մատչելիությունն է, երբ քաղաքացիան զրկված է լինելու որակյալ իրավաբանական ծառայություններից ու դատարանում, նախաքննության մարմիններում, և ոչ միայն, իր իրավունքներն ու օրինական շահերը արժանվույնս պաշտպանելու սահմանադրական իրավունքից։

Նման անարդար մոտեցումը հանգելու է «արդարադատությունը նրա համար է, ով փող ունի» մոտեցման արմատավորմանը, ինչը, առանց այն էլ բարդ մարտահրավերների առջև կանգնած մեր արդարադատության համակարգի, դատական իշխանության համար կդառնա ճակատագրական։ Իրավական նիհիլիզմի ու դատական համակարգի նկատմամբ անվստահության հաղթահարման փոխարեն մենք կունենանք հակառակ պատկերը։ Չպետք է մոռանանք, որ որքան էլ պետության կամ հարկային մարմինների աչքերում փաստաբանը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող հարկատու է, հասարակության համար այն արդարադատության անիվներից մեկն է։

Հետևանքային խնդիրներից հաջորդը հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության բարձրացումն է լինելու, ինչը նշանակում է նաև պետական բյուջեից հատկացվող միջոցների ծավալի մեծացում։ Չէ՞ որ վճարովի փաստաբանական ծառայություններից զրկվելով՝ քաղաքացիները ստիպված են լինելու դիմել հանրային պաշտպանի գրասենյակին, որի ծանրաբեռնվածությունն այս պահին, մեղմ ասած,  բավականին մեծ է։

Կարևոր է հաշվի առնել մեկ հանգամանք՝ երկարատև «պայքարից» հետո մենք կարողացել ենք հասնել հասարակության իրավագիտակցության բարձրացման այն մակարդակին, երբ վերջիններս գիտակցում են իրավաբանի աջակցությամբ գործարքների իրականացման առավելությունները։ Ինչպես առողջապահության բնագավառում այսօր կարևորվում է պրոֆիլակտիկ բուժ զննումն ու հիվանդությունների կանխումը, այնպես էլ իրավաբանության բնագավառում մեր առօրյա գործունեության ընթացքում աստիճանաբար նկատվում է աճ քաղաքացիաիրավական գործարքկների կնքման, ժառանգության ընդունման կամ կտակի կազմման, նոր  բիզնեսի հիմնման ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրավաբանին դիմելու երևույթը։ Սա հնարավորությունի է տալիս շատ ավելի փոքր ծախսերով խուսափել այն բացասական հետևանքներից ու ֆինանսական կորուստներից, որոնք վերջիններս կունենան առանց մասնագիտացված խորհրդատվության և ծառայությունների մատուցման դեպքում։ Նշվածը ոչ միայն ծառայում է նման ծառայություններից օգտվողների նեղ շրջանակին, այլև նվազեցնում է օրենքի չիմացության, ցածր իրավագիտակցություն հետևանքով հարուցվող վարույթների ու դատական գործերի թիվը, նպաստում հասարակական հարաբերությունների կայունացմանը։ «Թանկացնելով» իրավաբանական, հաշվապահական և ցանկացած այլ տեսակի խորհրդատվական ծառայությունները՝ մենք հետ քայլ ենք կատարում ձեռք բերածից։

-Դուք խոսեցիք փաստաբանների մասնագիտական անկախության վտանգման մասին։  Ո՞րն է  ուղղակի կապը վերջիններիս հարկային բեռի ավելացման հետ։

Այսօր իրավաբանական ծառայություններ մատուցող գրասենյակներն ու փաստաբանները իրենց հարկային պարտավորությունները կարող են հաշվարկել ու պետական բյուջե վճարել ինքնուրույն, կամ համապատասխան ծառայություններից օգտվելու դեպքում՝ կարող են վերահսկել գործընթացը։ ԱԱՀ-ի ու շահութահարկի դաշտ տեղափոխվելու դեպքում հարկային հաշվետվությունների կազմումը, ներկայացումը, հարկի չափի հաշվարկը կպահանջի որոշակի հաշվապահական գիտելիքներ, ինչին բոլոր փաստաբանները տիրապետել չեն կարող։ Ամենաքիչը անտրամաբանական է ակնկալել, որ քրեական գործերով պաշտպանություն իրականացնող փաստաբանը կամ, օրինակ, ամուսնաընտանեկան հարցերով նեղ մասնագիտացում ունեցող իրավաբանաը (փաստաբանը) պարտավոր է նույնքան լավ տիրապետել հաշվապահական հաշվառման կանոնները։ Նման պարագայում նույն հարկային մարմինների հետ հարաբերություններում իր վստահորդի իրավունքներն ու օրինական շահերը ներկայացնող փաստաբանը միշտ ունենալու է մտավախություն անձամբ հայտնվել իր վստահորդի կարգավիճակում։ Իմ ասածը չի ենթադրում, որ փաստաբանները նման մտավախություն պետք է ունենան, քանի որ դիտավորյալ հարկեր են թաքցնելու։ Ոչ, ուղղակի փաստաբանը ոչ միշտ է վստահ լինելու, որ իրեն հաշվապահական ծառայություններ մատուցող անձը, այն էլ մեր գործող հարկային օրենսգրքի ոչ միանշանակ կարգավորումների պայմաններում, չունի բացթողումներ կամ վրիպակներ։ Սա արդեն իսկ փաստաբանին դարձնում է խոցելի և ստիպում վստահորդի շահերի պաշտպանությանը զուգահեռ միշտ հաշվի առնել իր շահերը, ինչը անթույլատրելի է ցանկացած իրավական երկրում։ Բայց սա հարցի միայն մի փոքր կողմն է։

Մեկնաբանեք, խնդրեմ, նաև մյուս «սպառնալիքները»։

-Մյուսը մի քանի խոշոր փաստաբանական ընկերությունների շուրջ փաստաբանների հարկադրված համախմբման ռիսկն է։ Հարկային բեռի կտրուկ բարձրացումը կարող է հանգել հետևյալ զարգացումներից որևէ մեկին՝ թաքցնել եկամտի մի մասը և անցնել «սև դաշտ», որպեսզի հնարավորություն ունենա լինել մրցունակ ու շարունակել իր գործունեությունը։ Այս դեպքում օրենքի հարգման ու իրավական երկրի ստեղծմա հարցում մեծ առաքելություն ունեցող սուբյեկտը ինքն է դառնում օրինախախտ՝ իր բոլոր բացասական հետևանքներով։

Երկրորդ դեպքում, իրավաբանական ու փաստաբանական ծառայություններ մատուցող անձիք ստիպված կլինեն միանալ արդեն իսկ ԱԱՀ-ի դաշտում գործող խոշոր ընկերություններին կամ միավորվել և ստեղծել մեկ խոշոր ընկերություն։ Այս պարագայում մենք արհեստականորեն բնագավառը տանում ենք խոշորացման, ինչը մեր ներկայիս շուկայի պայմաններում պետության կողմից չափազանց կոպիտ ու ժամանակավրեպ միջամտություն կլինի։

Բացի վերը նշվածներից՝ փաստաբանական գործունեության մեջ մեծ կարևորություն ունի փաստաբանական գաղտնիքի պահպանումն ու շահերի բախման ինստիտուտը։ Մի քանի խոշոր ընկերությունների ձեռքում փաստաբանական ծառայությունների մատուցումը կենտրոնացնելով՝ մենք հարկադրում ենք վստահորդներին ընտրել այս կամ այն ընկերությանը, կամ չընտրել որևէ մեկին։

-Կարծում եք՝ օրենքի փոփոխությունը նաև այդ նպատա՞կն ունի։ Այն որոշակի խմբային շահերին ծառայելու առաքելություն ունի՞։

Ուզում եմ հավատացած լինել, որ ոչ։ Ուսումնասիրելով հարկային օրենսգրքի  փոփոխությունների նախագծի հիմնավորումները, ավելի շուտ որոշ փոփոխությունների մասով արձանագրելով  դրանց բացակայությունը՝ ավելի շատ հակված եմ մտածել, որ նախագիծը մշակողմերը չեն կատարել խորքային ուսումնասիրություն և ամբողջովին չեն պատկերացրել այն հետևանքները, որոնք կառաջանան։ Տպավորությունն այնպիսին է, որ նախագիծը հետապնդում է բյուջեի միջոցների ավելացման նպատակ, սակայն, նախնկանա  ուսումնասիրությունների ու կանխատեսումների լույսի ներքո՝ դեռևս փաստ չէ, որ այդպես կլինի։ Երկրորդ, արհեստական ճանապարհով ավելացնելով բյուջետային մուտքերն ու այդ բեռը վերջին հաշվով կրկին դնելով հասարակն քաղաքացիների ու մանր և միջին բիզնեսի վրա՝ չեմ կարծում, որ կկարողանանկ դրական որևէ արդյունք արձանագրել։

-Ինչպե՞ս եք տեսնում ելքը ստեղծված իրավիճակից։

Ցանկացած խնդիր ունի իր լուծումը։ Այսօր մասնագիտական համայնքը բավականին սուր արձագանքել է օրենքի այս նախագծին, կազմակերպվել են հանրային քննարկումներ, ՀՀ Փաստաբանների պալատում հրավիրվել է ակումբի նիստ, որին, կարծում եմ, կհաջորդեն ավելի գործուն քայլեր։ Այսօր մեր հասարակությունը ակնկալում է արդյունքվետ միջոցներ, որոնք մեր երկիրը կդարձնեն իրավական, սոցիալական պետություն։ Ուստի ցանկացած համակարգային փոփոխությունից առաջ (իսկ սա, կարծում եմ, համակարգային փոփոխության լավ օրինակ է) պետությունը պետք է գնա լայն քննարկումների, բոլոր շահագրգիռ կողմերին լսելու, խորքային հետազոտություններ կատարելու ճանապարհով։ Հավատացած եմ, որ նման եղանակով կարող ենք գտնել հարկման այն համակարգը, որը չի վտանգի արդարադատության մատչելիությունն ու դատական իշխանության հեղինակությունը, չի բերի շուկայի մոնոպոլիզացմանն ու ճիշտ հարկային քաղաքականության միջոցով կնպաստի պետության զարգացմանը։