«Օդից փող» հեռուստախաղին մասնակցելու հետևանքով քաղաքացիները կրել են վնասներ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ՝ հաշվի առնելով Պաշտպանին հասցեագրված բողոքները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հեռուստատեսությամբ հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղին մասնակցելու հետևանքով վնաս կրելուն։

Բողոքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև հարակից այլ օրենքներով հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող շահումով խաղերի հեռարձակման` նախագծով առաջարկվող իրավական կարգավորումը բացակայում է, մինչդեռ այդ իրավական բացը գործնականում կարող է դառնալ իրավունքների խախտման պատճառ։

Հետևաբար, Պաշտպանի աշխատակազմն առաջարկում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը փոփոխել այնպես, որ  նման խաղերը հեռարձակել հնարավոր լինի միայն գիշերային ժամերին՝ 24։00-ից մինչև 06։00-ը:

Դրանից բացի՝ առաջարկվում է սահմանել, որ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով հեռարձակողը պարտավոր է հրապարակել առկա զանգերի ծավալի և միացման հնարավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ողջ եթերի ընթացքում տեղյակ պահել զանգի վճարովի լինելու մասին և, դրա հետ մեկտեղ, սակագնի վերաբերյալ հավաստի ինֆորմացիան պետք է լինի տեսանելի կամ լսելի:

Նախագիծը նախատեսում է սահմանել նաև նախազգուշացում անչափահասների մասնակցության արգելքի վերաբերյալ։

 

Մեկնաբանություններ