Քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների կապակցությամբ

genproc RAՀՀ դատախազությունը՝ հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել  է մի շարք չարաշահումներ: Այդ մասին նշվում է ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազների որոշումներով ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի  քննիչի,  ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) հարուցվել են քրեական գործեր:

Հարուցված քրեական գործերն ուղարկվել են ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու համար:

Մեկնաբանություններ