ՍԴ որոշումն ու ՔԴՕ 35-րդ հոդվածի բացը. վերլուծական

Ռ․Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 4-ին կայացրել է որոշում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանությանը հարցը որոշելու վերաբերյալ։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, մասնավորապես՝ օրենսդիրը սահմանել է հստակ և սահմանափակ հիմքեր, որոնց առկայությունը վկայում է քրեական հետապնդման հարուցման բացառմանը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է կալանավորումը խափանման միջոցի կիրառմանը։

Սահմանադրությունը կարևորագույն սահմանադրական գործառույթներ իրականացնող մի շարք պաշտոնատար անձանց օժտել է անձեռնմխելիությամբ, որի նպատակը նախևառաջ այդ անձանց բնականոն և արդյունավետ գործունեությունը երաշխավորելն է, ինչպես նաև այդ անձանց պաշտպանելն է նրանց լիազորություններին ոչ իրավաչափ միջամտություններից և անհիմն հետապնդումներից:

Ազգային ժողովի պատգամավորը, Հանրապետության նախագահը և Մարդու իրավունքների պաշտպանն իրենց լիազորությունների ժամկետում օգտվում են ինչպես գործառութային, այնպես էլ անձնական անձեռնմխելիությունից, իսկ այդ ժամկետից հետո՝ միայն գործառութային անձեռնմխելիությունից:

Օրենքի դրույթի ձևական չվկայակոչումը վերջնական դատական ակտում չի ենթադրում, որ այն դիմողի նկատմամբ չի կիրառվել, եթե այն նրա համար առաջացրել է իրավական հետևանքներ: Տվյալ դեպքում առաջադրվել է մեղադրանք և կիրառվել է խափանման միջոց՝ կալանք: Ընդ որում, օրենսդրական բացի դեպքում որևէ կոնկրետ վկայակոչում դատական ակտում անհրաժեշտ չէ, որ Սահմանադրական դատարանն անդրադառնա այդ օրենսդրական բացի սահմանադրականության հարցին, քանի որ այլ կերպ օրենսդրի կողմից թույլ տրված օրենսդրական բացերը, որոնք կարող են խախտել կամ խախտում են անձի հիմնական իրավունքները և ազատությունները, Սահմանադրական դատարանի կողմից չեն կարող քննվել կամ հաղթահարվել, մինչդեռ Սահմանադրական դատարանն այդ առումով ձևավորել է տևական և հետևողական պրակտիկա՝ արտահայտելով կոնկրետ իրավական դիրքորոշումներ:

Գործառութային անձեռնմխելիությունը Սահմանադրության ուժով քրեական պատասխանատվությունը, ուստիև քրեադատավարական գործընթացը բացառող հանգամանք է, հետևապես, այն պետք է իր կոնկրետացումն ստանար նախևառաջ Օրենսգրքի վերաբերելի 35-րդ հոդվածում։

Ավելին՝ բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ այդ անձին վերագրվող արարքը վերաբերում է նրա կարգավիճակից կամ գործունեությունից բխող գործողությանը կամ անգործությանը, կամ կհաստատվի, որ նրա նկատմամբ արդեն հարուցված քրեական հետապնդումն անհամատեղելի է նրա գործառութային անձեռնմխելիության հետ, իրավասու մարմինն օբյեկտիվորեն զրկված կլինի գործառութային անձեռնմխելիության առկայության հիմքով այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ արդեն իսկ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև կալանք չկիրառելու վերաբերյալ օրինական որոշում կայացնելու իրավական հնարավորությունից, քանի որ բացակայում է նման որոշում կայացնելու դատավարական հիմքը:

Օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց` բացակայում է այն իրավական հիմքը, որով Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ չի իրականացվի քրեական հետապնդում, և քրեական գործի վարույթը կկարճվի բոլոր այն դեպքերում, երբ իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում կպարզի նրանց գործառութային անձեռնմխելիության առկայությունը: Իսկ գործառութային անձեռնմխելիության առկայությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատվի կամ հերքվի քրեական վարույթն իրականացնող իրավասու մարմնի կողմից պարզված, այդ թվում՝ անձին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստերի համակցությամբ:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր: Ինչ վերաբերում է Սահմանադրության 135-րդ հոդվածի 2-րդ մասին, ապա այն համապատասխանում է Սահմանադրությանը։