ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հոկտեմբերի 28-ին հաղորդագրություն է տարածել՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ հոկտեմբերի 27-ին տարածած մամուլի հաղորդագրության վերաբերյալ, որը լայն արձագանք է գտել ԶԼՄ-ներում, ինչի կապակցությամբ բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են Քննչական կոմիտե՝ մեկնաբանություններ և պարզաբանումներ ստանալու ակնկալիքով։
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը և կարևորելով ՀՀ քաղաքացիների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ պարզաբանում ենք, որ քրեական գործերի հարուցման հիմքում դրված են առանձին դատավարական ժամկետների բացթողման (անձի ձերբակալման մասին դատախազին մի քանի ժամ ուշացումով իրազեկում, նախաքննության ժամկետի երկարացում), նախաքննության ժամկետը դատախազի կողմից չերկարացվելու պարագայում գործը մեղադրական եզրակացությամբ քննիչի կողմից դատախազին ուղարկելու հանգամանքները։
Նկատի ունենալով, որ քրեական գործերով ներկայումս ընթանում է նախաքննություն՝ ՀՀ քննչական կոմիտեն ձեռնպահ կմնա կոնկրետ քրեական գործերի հիմք հանդիսացած փաստական հանգամանքները ներկայացնելուց։
Պարզապես փաստենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն՝ նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը` քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա: Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ: Նշված նորմերից բխում է, որ քննիչը նախաքննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում, իսկ հսկողություն իրականացնող դատախազը երկարացնում է նախաքննության ժամկետը:
Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ դատախազի կողմից նախաքննության ժամկետները չերկարացնելու իրավական ռեժիմ, ինչպես նաև՝ այդ իրավիճակում քրեական գործի հետագա լուծման ընթացակարգ։
Հետևապես, դատախազների կողմից նախաքննության ժամկետները չերկարացնելն առաջացնում է մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ առկախ է մնում կոնկրետ քրեական գործի հետագա ընթացքը, քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքների ապահովման խնդիրները՝ չլուծված, իսկ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք անորոշ ժամկետով հայտնվում են քրեական հետապնդման վիճակում։
Քննչական կոմիտեն ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործերով քրեադատավարական նորմերի պահպանման, նախաքննության որակը բարձրացնելու ուղղությամբ և կարևորում խախտում թույլ տված անձի պատասխանատվության անխուսափելիությունը։
Լիահույս ենք, որ քրեական գործերով կապահովվի քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը»։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազների որոշումներով հոկտեմբերի 27-ին քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի, ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին):