«Տենց բան չի եղել, ոչ մեկն ինձ հագուստ չի առաջարկել». կուրսանտի սպանության գործով վկա

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր ցուցմունք տվեց Նորիկ Օհանջանյանը, որը նույնպես սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և դեպքի օրը գտնվել է նույն ննջասենյակում։

Նշենք, որ Օհանջանյանը դատարանում ցուցմունք տվեց 2-րդ անգամ, այս անգամ ցուցմունք տալու համար  դատարան էր  հրավիրվել  պաշտպանական կողմի միջնորդության համաձայն։

Պատասխանելով Գնել Թեւոսյանի պաշտպան Արա Զաքարյանի այն հարցին, թե՞ ինչ-որ մեկը դեպքից հետո մոտեցել կամ հարցեր տվել է իրեն դեպքի վերաբերյալ վկան  պատասխանեց՝  «Ես չեմ հիշում, որ որևէ մեկը՝ սպաներից կամ կուրսանտներից, ինձ ինչ-որ բան է հարցրել: Ում պետք է ես ասել եմ»:

Փաստաբանի հարցերին վկան պատասխանում էր ագրեսիվ, ինչի համար դատավոր Դավիթ Հարությունյանը նրան խնդրեց հանգիստ պատասխանել: Վկան հաճախ կրկնում էր, որ ոչինչ չի հիշում և ինչ պետք է ցուցմունքում գրել է, երբեմն էլ պարզապես ասում էր ՝ «ոչինչ չգիտեմ», «չեմ կարող ասել»։

«Սկի երեկվա կերածս չեմ հիշում, ինչ մնաց անցած անգամվա հրապարակված ցուցմունքս հիշեմ»,- ասաց վկան:

Վկայի խոսքերով կատարված դեպքից հետո ինքը գնացել է այլ զորամաս և  ոչ մի պատճառով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ այլևս չի վերադարձել:

Պատասխանելով մեղադրող կողմի հարցերին Օհանջանյանը հայտնեց, որ ամբաստանյալներ Մովսես Ազարյանի և Գնել Թևոսյանի հարազատները ցուցմունք տալուց հետո զանգահարել են իր ծնողներին և խնդրել հանդիպել, սակայն ծնողները կտրականապես մերժել են նրանց։

«Չեմ կարող ասել, թե հարազատներից կոնկրետ ովքեր են եղել և ինչ նպատակով են ցանկացել հանդիպել,  բայց ենթադրում եմ, որ ցանկացել են հանդիպել, որպեսզի ես փոխեմ իմ ցուցմունքը։ Բա մինչև էդ խի՞ չէին զանգում»,- իր խոսքում նշեց վկան։

Նորիկ Օհանջանյանը խոսելով իր և Հայկազի հարաբերությունների մասին՝ նշեց, որ իրենք եղել են ծառայողական հարաբերությունների մեջ, իսկ այն լուրերը, թե իբր Հայկազը ցանկացել է իր հագուտները տալ կուրսանտներին չեն համապատասխանում իրականությանը:

«Տենց բան չի եղել, ոչ մեկն ինձ հագուստ չի առաջարկել»,- ասաց նա։

Վկան նաև հայտնեց, որ Օպերայից վերադառնալուց հետո Հայկազի մոտ տրամադրության անկում չի նկատել:

Վկայի հարցաքննությունից հետո դատարանը որոշեց բավարարել Մովսես Ազարյանի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը և ցուցմունք տալու համար դատարան հրավիրել Խաչիկ Մինասյանին։

Նշենք, որ գործով դատակոչված 30 վկաներից դատարանում դեռևս ցուցմունք չի տվել նրանցից  3-ը:
Մեղադրող կողմը հայտնեց, որ քայլեր կձեռնարկի վկաների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։

Հաջորդ դատական նսիտը նշանակվեց փետրվարի 12-ին:

Տուժողի իրավահաջորդ Արկադի Բարսեղյանը մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ նույն վկային 2-րդ անգամ հարցաքննելն անիմաստ էր, քանի որ վերջինս նոր ասելիք չուներ. «Ուղղակի մարդուն բերել են Ստեփանակերտից հասցրել են այստեղ, որ նույն հարցերը տան: Արա Զաքարյանն  էլ չի իմանում ինչի համար է վկային կանչել»:

Հիշեցնենք, որ  2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Մեկնաբանություններ