ՄԻԵԴ վճիռ երեխայի որդեգրման վերաբերյալ՝ ընդդեմ Բուլղարիայի

Դիմումատուները՝ տիկին Վ.Յ.Ռ  և Ա.Վ.Ռ-ը Բուլղարիայի քաղաքացիներ են, համապատասխանաբար ծնված՝ 1983 և 2015 թվականներին։ Տիկին Վ.Յ.Ռ.-ը  Ա.Վ.Ռ.-ի կենսաբանական մայրն է։ Նա թմրամուլությամբ է զբաղվել և 2016-2019 թվականներին, մասնակցել է մեթադոն ծրագրին։

Գործը վերաբերում է Վ.Յ.Ռ -ի դստեր՝ առանց նրա համաձայնության որդեգրմանը։Այն բանից հետո, երբ սոցիալական ծառայություններին դիմել են՝ երեխայի ոչ բավարար սնունդ ունենալու մասին մտահոգությամբ, նրա չորս ամսեկան դուստրը վերցվել է խնամակալության տակ։ Չորս տարի հանրային խնամքի տակ գտնվելուց հետո իշխանությունները որոշում կայացրեցին նրան հանձնել որդեգրման, որի հիմնական պատճառն այն էր, որ տիկին Վ.Յ.Ռ-ն կորցրել էր իր դստեր նկատմամբ հետաքրքրությունը, և վաղ տարիքում որդեգրումը բխում  էր երեխայի շահերից, քանի որ այդ դեպքում նա ավելի հեշտ կհարմարվեր նոր ընտանիքին։ Ա.Վ.Ռ-ը ի վերջո որդեգրվեց 2020 թվականին:

 Հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)՝ դիմումատուները բողոքում են, որ իշխանությունները Ա.Վ.Ռ-ին հանձնել են որդեգրման նրա կենսաբանական մոր կամքին հակառակ՝ չփորձելով պահպանել կապը մոր և երեխայի միջև, նաև չփորձելով օգնել տիկին Վ.Յ.Ռ-ին բարելավել իր ծնողական հմտությունները։

Դատարանը եզրակացրել է, որ ներպետական իշխանությունները կատարել են վերը նշված գործողությունները՝ ելնելով երեխայի լավագույն շահերից, այն է՝ վաղ տարիքում որդեգրումը: Բացի այդ, դիմումատու ծնողը հնարավորություն ուներ մասնակցելու երեխայի ճակատագրի մասին որոշումների կայացման գործընթացին, սակայն իրավապահ մարմինները չեն կարողացել նրա հետ կապ հաստատել։ Ուստի, կարելի է ենթադրել, որ երեխայի և ծնողի միջև կապը կտրվել էր։

Բացի այդ, ըստ զեկույցի, սոցիալական ծառայությունները աշխատել են ծնողի և երեխայի միավորման ուղղությամբ, սակայն դիմումատուն աստիճանաբար կորցրել է կապն իր դստեր հետ, և երեխան այլևս չէր հիշում իր մորը։ Կողմերը վիճել են, թե ում մեղքով է նման իրավիճակ ստեղծվել։ Դիմումատուները պնդում էին, որ իշխանությունները խանգարել են պահպանել իրենց կապը, մինչդեռ Կառավարությունը պնդում էր, որ ընտանեկան կապը կտրվել է դիմումատու ծնողի վարքագծի և համագործակցության բացակայության պատճառով, որն անօգուտ է դարձրել սոցիալական ծառայությունների ջանքերը ընտանիքի վերամիավորման ուղղությամբ։ Ժամանակի ընթացքում դիմումատուն ամղոջովին դադարել է այցելել իր դստերը՝ տարբեր պատճառաբանություններ բերելով։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՄԻԵԴ-ը վճռել է, որ կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել։