Վոյնովն ընդդեմ Ռուսաստանի

Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն բանտից տեղափոխելու՝ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից կայացված որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իրեն իր ընտանիքի անդամների մշտական բնակության վայրից չափազանց հեռու տեղակայված բանտ տեղափոխելու որոշման մասին։

Դիմումատուն՝ Թիմուր Վոյնովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1985 թվականին, համապատասխան ժամանակաշրջանում իր ընտանիքի հետ բնակվել է Ռուսաստանի Օրյոլ քաղաքում։ 2009 թվականին Դիմումատուն կալանավորվել է՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Ռուսաստանի Առաջին ատյանի դատարանը դատապարտել է Դիմումատուին 12 տարվա ազատազրկման։ 2010 թվականի ապրիլից Դիմումատուն կրել է իր պատիժը Կրասնոյարսկի շրջանի Արեյսկոյե գյուղում, որը գտնվում է Օրյոլ քաղաքից 4․200 կմ հեռավորության վրա։ Դիմումատուի մայրը և կինը համապատասխան ժամանակահատվածում նույնպես բնակվել են Օրյոլ քաղաքում։ Նույն քաղաքի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հրամանով՝ Դիմումատուին տեղափոխել են ուրիշ քաղաք՝ Օրյոլ քաղաքի բանտերում առկա գերբնակեցման խնդրի պատճառով։

Դիմումատուն հայց է ներկայացրել համապատասխան մարմիններին՝ պատիժը կրելու ժամանակաշրջանում իր ընտանիքի հետ կապը պահելու համար իրեն Օրյոլ քաղաքում գտնվող բանտ տեղափոխելու պահանջով, սակայն Դիմումատուի ներկայացրած հայցը մերժվել է։ Այնուհետև, Դիմումատուն  քաղաքացիական հայց է ներկայացրել Դատարան՝ իրեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին։ 2012 թվականին վնասի փոխհատուցման պահանջի մասին Դիմումատուի ներկայացրած հայցը նույնպես մերժվել է։ Վոյնովը բողոքել է իրեն բանտից տեղափոխելու մասին քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից կայացված որոշման դեմ։ Դիմումատուն իր բողոքի մեջ նաև նշել է, որ 2011 թվականից մինչև 2013 թվականն ընկած ժամանակահատվածում իր կինը կարողացել է այցելել իրեն բանտում ընդամենը 6 անգամ։ 2014 թվականին ծնվել է Դիմումատուի և նրա կնոջ դուստրը, և հեռավորության պատճառով Դիմումատուի կինն այլևս չի կարողացել այցելություններ կատարել բանտ, ինչի արդյունքում Դիմումատուն երբեք չի տեսել իր երեխային։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուի ներկայացրած բողոքը և բոլոր հայցերը՝ հիմնավորելով, որ Դիմումատուին բանտից տեղափոխելու մասին քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից կայացվել է օրինական և հիմնավոր որոշում, որը պայմանավորված է Օրյոլ քաղաքում գտնվող բանտերի գերբնակեցման խնդրի առկայությամբ։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում։ Վերջինս բողոքել է իր մշտական բնակության վայրի մոտակայքում գտնվող բանտից իրեն ուրիշ քաղաքի բանտ տեղափոխելու որոշման մասին և այդ որոշումը բողոքարկելու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում և 13-րդ հոդվածի խախտում։

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 6․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 850 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ