Վլասեն ընդդեմ Ռումինիայի 

Դիմումատուները՝ Ելենա Վլասեն և Իոանա Օրտենսիա Վլասեն, ազգությամբ ռումինացի են, ծնվել են համապատասխանաբար 1952 և 1974 թվականներին, բնակվում են Ռումինիայի Բրաշով քաղաքում։ Դիմումատուները համապատասխանաբար հանդիսանում են ոմն Ն․Վ․-ի կինը և դուստրը։ Ն․Վ․-ն մահացել է 2012 թվականին Բրաշով քաղաքի Ռազմական հիվանդանոցում։ Ավելի վաղ՝ 2011 թվականի դեկտեմբերի 7-ին, Ն․Վ․-ն տեղափոխվել է նույն Ռազմական հիվանդանոց և բժշկական հետազոտության է ենթարկվել։ Բժիշկները նրա մոտ ստամոքսի և աղիքային խոցի հիվանդություն են ախտորոշել, որն առաջացել է բակտերիալ աղիքային վարակի պատճառով։ Հետազոտությունից հետո Ն․Վ․-ն դիմել է բժշկի օգնությանը, և վերջինս խորհուրդ է տվել վիրահատություն կատարել։ Ն․Վ․-ի մոտ վիրահատությունից հետո առաջացած հետվիրահատական բարդությունները վերացնելու համար հիվանդանոցի նույն անձնակազմը Դիմումատուին վիրահատել է ևս երկու անգամ։ Ի վերջո, բժիշկները հիվանդի մոտ սնուցման խողովակ են տեղադրել։

2012 թվականի հունվարի 6-ին բժիշկները հիվանդի մոտ նոր վարակ են հայտնաբերել։ 2012 թվականի հունվարի 9-ին հիվանդանոցում Ն․Վ․-ի մոտ արյունահոսություն է սկսվել, ինչը հանգեցրել է նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման։ 2012 թվականի հունվարի 13-ին հիվանդը մահացել է։ Դիմումատուները բողոք են ներկայացրել Բրաշով քաղաքի Առաջին ատյանի դատարան Ռազմական հիվանդանոցի բժիշկների դեմ՝ անզգուշությամբ սպանություն գործելու մեղադրանքով։ Դատարանն անմիջապես վարույթ է ընդունել Դիմումատուների գործով բողոքը։ Հետաքննության շրջանակներում մի քանի փորձագիտական եզրակացություններ են կատարվել։ 2014 թվականի օգոստոսին Դիմումատուները բողոքել են իրենց գործով հետաքննության երկար ժամկետի մասին։ 2014 թվականի սեպտեմբերի 22-ին Ռումինիայի Դատախազությունը և Բրաշովի քաղաքային դատարանը բժիշկների դեմ քրեական գործ են հարուցել՝ անզգուշությամբ սպանություն գործելու համար։

2015 թվականի հունիսի 3-ին Ռումինիայի Դատախազը քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել՝ հիմնավորելով, որ հետաքննության արդյունքում բժիշկների ներգրավվածությամբ հանցավոր անփութություն չի հայտնաբերվել։ Դիմումատուները բողոքել են Դատախազի կայացրած որոշման դեմ, սակայն ապարդյուն։ Այնուհետև, Դիմումատուները վիճարկման հայց են ներկայացրել Բրաշով քաղաքի Վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ դատարանը փոխանցել է Դիմումատուի գործը Ռումինիայի Կլուժ նահանգի Ռազմական դատարան։ 2017 թվականի մայիսի 18-ին Ռազմական դատարանը որոշում է կայացրել՝ քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ։ Դիմումատուները բողոք են ներկայացրել Ռազմական դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն բողոքը մերժվել է։

2017 թվականի մայիսի 22-ին Կլուժ նահանգի Ռազմական դատարանի կայացրած որոշման համաձայն՝ գործը փոխանցվել է Առաջին ատյանի դատարան։ Դիմումատուների գործը դեռևս չի ավարտվել և գտնվում է քննարկման փուլում։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում։ Դիմումատուները բողոքել են իրենց ընտանիքի անդամի մահվան գործով քրեական դատավարության արդարացիության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում։ Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռումինիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար երկու Դիմումատուներին միասին վճարել 12․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 5․038 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։