Վարկային պայմանագրերով տոկոսների և տուժանքների սահմանման առանձնահատկությունները

Վերլուծությունը կատարել է «Ի Էլ Էլ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի իրավաբան Սաթիկ Ղիմոյանը։

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիաիրավական ամենատարածված պայմանագրերի տեսակներից են վարկային պայմանագրերը, որոնցով վարկատուն ստանձնում է վարկառուին դրամական միջոցներ տրամադրելու պարտականություն, միաժամանակ ձեռք  բերելով իրավունք՝ պահանջելու վերադարձնել այդ դրամական միջոցները պայմանագրով նախատեսված ժամկետներում։ Վարկառուն, իր հերթին, ձեռք է բերում իրավունք պահանջելու իրեն հանձնել պայմանագրով նախատեսված դրամական միջոցները և ստանձնում է վարկատուին տոկոսներ վճարելու, ինչպես նաև պայմանագրով սահմանված ժամկետում ստացված միջոցները վերադարձնելու պարտականություն։ 

Վարկային պայմանագրերի առանցքային և առավել խնդրահարույց պայմաններից են հաշվարկվող տոկոսների և դրամական միջոցները վերադարձնելու ժամկետները խախտելիս ծագող տույժերի սահմանումը։ 

Վարկային պայմանագրերով սահմանվող տոկոսադրույքների ու տուժանքների բարձր լինելու վերաբերյալ տեսակետը խիստ տարածված է հասարակության լայն շրջանակներում, սակայն գտնում ենք, որ վարկային տոկոսադրույքների վերաբերյալ հիմնավորված  եզրահանգումներ անելու համար անհրաժեշտ է դիտարկել մի շարք հանգամանքներ։ Առաջնային է նախ պարզել տոկոսադրույքների ձևավորման վրա ազդող հիմնական գործոնները: Մասնավորապես՝ ֆինանսական կազմակերպությունների գործեունեության հիմնական նպատակը շահույթ ստանալն է, իսկ   վարկի տրամադրումը բանկի համար ներդրում է, որն իրենից որոշակի ռիսկ է ենթադրում, այսինքն՝ առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կախված է հիմնականում ներգրավված ավանդների տոկոսադրույքից, բանկերի կողմից շահութաբերության պահանջից, տրամադրվող վարկի ռիսկի գնահատականից և այլն: Բանկերի շահույթի հիմնական աղբյուրը վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև տարբերությունն է, քանի որ ֆինանսական կազմակերպությունները վարկեր են տրամադրում հիմնականում ոչ թե իրենց սեփական, այլ ներգրավված միջոցների՝ հիմնականում ավանդների հաշվին, հետևաբար վարկային տոկոսի բարձր կամ ցածր լինելու հարցը պետք է որոշել ավանդների և վարկերի տոկոսադրույքների հարաբերակցության համատեքստում։ 

Մյուս կողմից՝ էական նշանակություն ունի ֆինանսական կազմակերպությունների տոկոսային քաղաքականության և վարկային հարաբերությունների ՀՀ օրենսդրությամբ գործող իրավակարգավորումների համապատասխանության պարզումը։

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879-րդ և 887-րդ հոդվածերի համադրումից միարժեքորեն բխում է, որ վարկային տոկոսադրույքը, չի կարող գերազանցել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը։ Այնուամենայնիվ, վարկային տոկոսադրույքի առավելագույն` 24%-ի սահմանումը չի լուծում  տոկոսային կանխատեսելի քաղաքականության ապահովման խնդիրը, քանի որ տարեկան անվանական տոկոսադրույքը չի արտացոլում վարկի իրական գինը կազմող տարեկան փաստացի տոկոսադրույքը։ Մասնավորապես՝ վարկատուն կարող է առաջարկել 24% չգերազանցող և թվացյալ ցածր տարեկան անվանական տոկոսադրույքով վարկ, սակայն ներառել վարկի տրամադրման հետ կապված այնպիսի բարձր վճարներ, որոնց արդյունքում վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքը մի քանի անգամ գերազանցի բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը, իսկ փաստացի տոկոսադրույքի սահմանափակումներ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն։ Դրա վառ ապացույցն է վարկային կազմակերպությունների կողմից ձեռնարկատիրական, ավտոմեքենայի, սպառողական կամ վարկերի այլ տեսակների հետ կապված լրատվության միջոցներով կատարվող գովազդները, ինչը նպատակ է հետապնդում գայթակղել վարկառուին իր հետ պայմանագիր կնքելու համար։ Օրինակ՝ վարկային կազմակերպությունը գովազդում է 22% վարկ, սակայն ընթացիկ վճարների հաշվին  փաստացի վարկային տոկոսադրույքը կտրուկ աճ է արձանագրում։

Տոկոսադրույքների վերոգրյալ տարբերության պայմաններում սպառողների կողմից վարկի ընտրությունը առավել մատչելի դարձնելու նպատակով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը կրեդիտավորման պայմանագրի նվազագույն պայմանների թվում ներառել է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ նշումը, թեև այն դժվար թե լիարժեք հնարավորություն ընձեռի վարկառուին վարկի իրական գինը պարզելու հարցում, քանի որ տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ընդգրկված են նաև այնպիսի ծախսեր, որոնք ուղղակի կապ չունեն վարկի արժեքի հետ, օրինակ` գրավի պայմանագրի կնքման հետ կապված նոտարական կամ կադաստրի ծախսերը: Այսպիսով, թեև ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է անվանական վարկային տոկոսադրույքի առավելագույն չափ, սակայն ֆինանսական կազմակերպությունները փաստացի տոկոսադրույքի իրենց նախընտրած սահմանաչափի որոշման լիակատար ազատություն ունեն։

Վարկային պայմանագրերով սահմանված փաստացի տոկոսադրույքի չափը  խնդրահարույց է նաև ՀՀ քրեական օրենագրքի 213-րդ հոդվածի տեսանկյունից, որի համաձայն՝ Վաշխառությունը պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը, ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելն է, որից օգտվել է մյուս կողմը։ 

Քրեական օրենսգրքի վկայակոչված դրույթի բովանդակությունից, ըստ էության,  հետևում է, որ օրենսդիրը վաշխառության հանցակազմը սահմանելիս տարբերակում չի մտցրել անվանական և փաստացի տոկոսադրույքների միջև, սակայն պրակտիկայում լիովին բացակայում են ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների պատասխանատվության դեպքերը ԿԲ-ի կողմիս սահմանված հաշվարկային դրույքը էականորեն գերազանցող փաստացի տոկոսադրույքների սահմանման կապակցությամբ։ 

Գտնում ենք, որ նման պայմաններում Կենտրոնական բանկի կողմից պետք է կա՛մ  սահմանվի բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման հետ կապված ծախսերի (սպասարկման վճարներ և այլն) առավելագույն ողջամիտ շեմ, կա´մ առհասարակ վարկային պայմանագրերում չներառել վարկեր տրամադրելու դեպքում բացի տարեկան տոկոսից որևէ այլ վճար, ինչը կորոշակիացնի վարկային պայմանագրի կնքմամբ ծագող ֆինանսական բեռը։ Փաստացի տոկոսադրույքի սահմանման անհրաժեշտությունը  ակներև է դառնում հատկապես վարկային կազմակերպությունների սահմանած տոկոսադրույքների չափից, երբ օրինակ հայտնի վարկային կազմակերպություններից մեկը կրկնվող վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք սահմանում է ԿԲ-ի սահմանած հաշվարկային դրույքի հետ անհամեմատելի՝ 60.83%, իսկ հնարավոր լրացուցիչ ծառայություներից օգտվելու դեպքում՝ 121․67-182․50%։

Վարկային պայմանագրերում հատուկ տեղ են զբաղեցնում նաև պայմանները, որոնք սահմանում են, թե կոնկրետ ինչ վճարումների մարմանը պետք է ուղղվի վարկառուի գումարը։  Մարումների ուղղվածությունը կանխորոշող օրենսդրական հստակ կարգավորումներ առկա չեն և այն հիմնականում կախված է ընտրված վարկատեսակից։ Միայն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է կարգավորում առ այն, որ վարկառուի կողմից ժամկետից շուտ վճարելու դեպքում վարկատուն պարտավոր է նվազեցնել կրեդիտավորման ընդհանուր ծախսը: 

Բանկային պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները վարկային պայմանագրերում որպես պարտավորությունների կատարման ապահովման հիմնական եղանակ լայնորեն կիրառում են տուժանքը։ Վարկային հարաբերությունների կարգավորումների շրջանակներում, միայն 08․01․2018 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվեցին պայմանագրային տուժանքների վերին սահմանաչափեր։ Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածով սահմանվեց․

«1. Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը: 

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանը խախտող համաձայնությունն առ ոչինչ է: 

(…) 

ՀՀ սահմանադրական դատարանը, 12 հունիսի 2018 թվականի թիվ 1418 որոշմամբ քննարկելով քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասի՝ համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, նշել է, որ վարկային պայմանագրերով սահմանվող տոկոսների և տուժանքների սահմանաչափերի առնչությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսվել են անհրաժեշտ երաշխիքներ: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը, մեկնաբանելով վիճարկվող իրավադրույթը, արձանագրել է, որ նախ՝ վարկային պայմանագրերը չեն կարող հակասել ՀՀ օրենսդրության իմպերատիվ նորմերի պահանջներին, և երկրորդ՝ ժամկետանց վարկերի համար վարկառուների նկատմամբ պայմանագրով սահմանվող տուժանքները չեն կարող գերազանցել նշված նորմերով որոշված սահմանները և պետք է արդյունավետ ու զսպող լինեն՝ չխախտելով համաչափության սահմանադրական սկզբունքը: Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի դրույթները՝ Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ օրենսդիրը կանոնակարգման է ենթարկել բոլոր այն դեպքերը, երբ կողմերի նախատեսած պայմանագրային տուժանքի չափը կարող է անհամաչափ դառնալ պայմանագրի առարկա պարտավորության հիմնական գումարի նկատմամբ` սահմանելով վերին սահմանաչափ, որը պայմանագրային տուժանքը ոչ մի պարագայում գերազանցել չի կարող:

Հատկանշական է, որ նախքան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածում կատարված լրացումներն ու փոփոխությունները կողմերը ունեին բացարձակ հայեցողական հնարավորություն տուժանքներ սահմանելու, որպիսի դիրքորոշում է հայտնել նաև Վճռաբեկ դատարանը իր թիվ ԱՎԴ/4/0145/02/08 որոշմամբ։ 

Վարկային պայմանագրերով տուժանքների սահմանման կարգավորման շրջանակներում խիստ կարևոր էր նաև «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքով 327.1 հոդվածի նախատեսումը, համաձայն որի՝ 

«Պարտավորության խախտման օրվանից եռամսյա ժամկետում գրավառուի կողմից սահմանված կարգով պարտքի բռնագանձման, այդ թվում` արտադատական կարգով, գործընթացը չսկսելու դեպքում եռամսյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում մինչև պարտքի բռնագանձման գործընթացն սկսելու օրը»:

Նշված կարգավորման բացակայության պայմաններում բանկերն ու վարկային կազմակերպությունները լիովին ազատ էին բռնագանձման գործընթացի ժամկետները սեփական հայեցողությամբ որոշելու և այդ ամբողջ ընթացքում տուժանքներ ու տոկոսներ հաշվարկելու։

Ամփոփելով կարող ենք նշել, որ ՀՀ օրենսդրությամբ վարկային հարաբերությունների վերաբերյալ վերոնշված փոփոխություններն ու լրացումները թեև էականորեն սահմանափակել են վարկային պայմանագրով անհամաչափ տուժանքների կիրառումը, սակայն դրանք լիարժեք չեն կարգավորում վարկային հարաբերությունները, քանի որ գործող իրավակարգավորումները որևէ կերպ չեն սահմանափակում վարկատուի հնարավորությունը կնքել վարկային պայմանագրեր ԿԲ-ի կողմից սահմանված հաշվարկային դրույքը էականորեն գերազանցող փաստացի տոկոսադրույքներով, իսկ պայմանագրի խախտման դեպքում՝ շարունակելու հաշվարկել ինչպես տոկոսները, որոնք սահմանված էին վարկային պայմանագրով, այնպես էլ տույժեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածով նախատեսված առավելագույն չափով։ Նման պայմաններում, ինչպես արդեն նշեցինք, ԿԲ-ի կողմից պետք է կա՛մ  սահմանվի բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման հետ կապված ծախսերի (սպասարկման վճարներ և այլն) առավելագույն ողջամիտ շեմ, կա´մ առհասարակ վարկային պայմանագրերում չներառվի վարկեր տրամադրելու դեպքում բացի տարեկան անվանական տոկոսադրույքից որևէ այլ վճար, ինչը կորոշակիացնի վարկային պայմանագրի կնքմամբ ծագող ֆինանսական բեռը։ Մյուս կողմից, օրենսդիրը պետք է հստակեցնի, թե արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի վաշխառությունը սահմանող հոդվածում առկա «տոկոս» հասկացությունը վերաբերում է բացառապես անվանական տարեկան տոկոսադրույքին։ Նշված խնդիրների լուծման պայմաններում միայն ֆինանսական կազմակերպությունների տոկոսային քաղաքականությունը որոշակիորեն ավելի կանխատեսելի և «համաչափ» կդառնա կոնկրետ պարտավորությանը։