ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Արշակ Գալստյանի սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի։
38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել էր 2017 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 13/2 հասցեի մոտ կայանված իր` «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ որ Ա.Գալստյանի ուղղությամբ հրազենային կրակոցներն արձակվել են մեկ այլ ավտոմեքենայի մեջ գտնվող անձի կողմից, ավտոմեքենայի մակնիշը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1986թ., ինչպես նաև՝ ավտոմեքենայի ղեկին գտնված անձի ինքնությունը, ով ևս Երևանի բնակիչ է՝ ծնված 1994թ.:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ նշված քրեական գործով Արշակ Գալստյանի սպանության համար որպես մեղադրյալ է ներգրավվել Երևանի բնակիչը, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: