ՍԴ-ն որոշում է ընդունել հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարելու վերավերյալ

Սահմանադրական դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 30-ին ընդունել է ՍԴ-1432 որոշումը, որի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետը։ ՀՀ հողային օրենսգրքի  102-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է․ «Հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով՝ հետևյալ հիմքերում՝

․․․․

5) հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելը և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելը․»։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետում նախատեսված նորմը Սահմանադրության 60 և 78-րդ հոդվածների սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում համաչափ և արդյունավետ միջոց չէ հանրային իրավահարաբերություններ կարգավորելու համար: Նման իրավակարգավորմամբ լիարժեք հաշվի չեն առնվում արդար դատաքննության շրջանակներում տվյալ հողամասի սեփականատեր հանդիսացող անձի՝ իր հարկային պարտավորության կատարման հետ կապված օբյեկտիվ կամ այլ հանգամանքների լրիվ ու բազմակողմ ուսումնասիրման և գնահատման անհրաժեշտությունը կամ այդ պարտավորության կատարումը սեփականություն հանդիսացող այլ գույքի վրա բռնագանձում տարածելու միջոցով ապահովելու հնարավորությունը, լիարժեք չի երաշխավորվում անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը, ինչը սույն գործով դիմողի ներկայացրած փաստարկների շրջանակներում հիմնավոր է: Այդ իրավունքի իրացման արդյունավետությունն ու մատչելիությունն օբյեկտիվորեն պայմանավորված է անձի իրավունքների, այդ թվում նաև` սեփականության իրավունքի պաշտպանության լիարժեք իրավական հնարավորությամբ, ինչն էական է ոչ միայն հանրային, այլև՝ մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման արդյունավետության ապահովման շրջանակներում: Հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելու և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելու հիմքով հողամասի նկատմամբ իրավունքների դատական կարգով անվերապահ հարկադիր դադարեցնելու վերաբերյալ իրավակարգավորումը չի բխում անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի էությունից ու բովանդակությունից, ինչպես նաև` այդ իրավունքի պաշտպանությունը երաշխավորելու հանրային իշխանության սահմանադրա իրավական հանձնառության էությունից, հետևաբար և միտված չէ արդար հավասարակշռություն ապահովել հասարակության ընդհանուր շահերի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև: Հողի հարկի` որպես պարտադիր վճարի, կամավորության հիմքով պարտավորության չկատարումն ինքնին օբյեկտիվորեն հանգեցնում է պետության կողմից դրա իրավական հարկադրանքի միջոցով պարտքի գանձմանը, որն իրավաչափ է, հետապնդում է Սահմանադրությամբ հետապնդվող նպատակ, սակայն, Սահմանադրության 60-րդ հոդվածի համատեքստում չի կարող դիտարկվել որպես սեփականությունից զրկում, ինչը կառուցակարգային առումով մասամբ իրացված է օրինակ, Օրենսգրքի 102-րդ հոդվածի 9-րդ կետում, համաձայն որի՝ հողամասի վրա բռնագանձում կարող է տարածվել պայմանավորված դրա սեփականատիրոջ պարտավորություններով:

Հողի հարկի վճարման պարտականության չկատարումը կարող է հիմք հանդիսանալ հողի նկատմամբ սեփականության իրավունքի հարկադիր դադարման, եթե այլ կերպ, այդ թվում՝ հարկատու անձի սեփականություն հանդիսացող այլ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու արդյունքում, հարկային այդ պարտավորության կատարումը հարկային պարտքին համարժեք չի ապահովվել: Վերջինս կարևոր է նաև հողի նկատմամբ բռնագանձում տարածելիս և (կամ) վերոհիշյալ հիմքով հողի նկատմամբ սեփականության իրավունքը հարկադիր դադարեցնելիս, քանի որ չի կարող գույքի, այդ թվում՝ հողի բռնագանձվող մասը, կամ՝ ամբողջությունը գերազանցել հարկային պարտավորության չկատարման արդյունքում պետական կամ համայնքային բյուջեներ վճարման ենթակա պարտքի (գումարի) չափը: Ելնելով վերոգրյալից Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետը ճանաչել Սահմանադրության 60-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր։