ՍԴ-ն կայացրել է որոշումը ՀՀ ՔԴՕ 368-րդ հոդվածի 5-րդ մասի և 371-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ

2019 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կայացրել է ՍԴՈ-1477 որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի և 371-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։ Դիմողը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի «բողոքը գործին մասնակցող անձանց …. ուղարկելու մասին ապացույցները» բառակապակցությունը և 371-րդ հոդվածի 5-րդ մասի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները….» դրույթը խախտում են Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքը: 

Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտել, որ Օրենսդրի նպատակը ոչ թե բողոք բերած անձին ծանրաբեռնելն է որևէ չարդարացված պարտականությամբ, այլ երաշխավորելը, որ գործին մասնակցող անձանց հասանելի լինի բողոքի բովանդակությունը, որը վերջիններիս հնարավորություն կտա արդյունավետորեն պաշտպանվել բողոքում ներկայացված պահանջներից, այսինքն՝ գործին մասնակցող անձինք հնարավորություն կունենան արդյունավետորեն իրականացնելու դատական պաշտպանության իրենց հիմնական իրավունքը:

Վիճարկվող դրույթների կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ կրկին ներկայացվող վերաքննիչ բողոքի հետ կապված կառուցակարգերը չպետք է անհարկի ծանրաբեռնեն անձանց: Այս առումով սույն գործի շրջանակներում կիրառելի է նաև Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1363 որոշմամբ արտահայտած այն դիքորոշումը, համաձայն որի. «….երբ Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները չեն առնչվի վճռաբեկ բողոքի տեքստին, նույն բողոքի պատճենն օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են լինելու կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը: Այդ տեսանկյունից վերադարձնելուց հետո կրկին ներկայացված նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ»:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը որոշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը և 371-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ համաձայն որի՝ ձևին և բովանդակությանը չհամապատասխանելու հիմքով վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը, ինչպես նաև բողոքի պատճենը գործին մասնակցող անձանց և գործը քննող դատարան կրկին ուղարկելու անհրաժեշտությունը բացակայում է, եթե վերաքննիչ բողոքը փոփոխության չի ենթարկվել: